Breaking News

(Լուսանկարներ). Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միջնադարյան և միջազգային չափանիշները

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը պարզվում է ընտրովի վերաբերմունք ունի նաև ԲՈՒՀ-ին վերաբերող չափանիշների նկատմամբ: Մեկ տարում նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամից շատ արագ «ձերբազատվելու» պատճառներից մեկը ոչ միայն յուրայիններին Հայաստանի չափանիշներով ահռելի աշխատավարձներ տալն էր,այլև ոչ նպատակային և անտրամաբանական շինարարությունները: Դրանց թվում են 25 միլիոն դրամանոց բուֆետը և 118 միլիոն դրամանոց դահլիճը, որն ըստ պարոն Մինասյանի, վերանորոգվում է, քանի որ չէր համապատասխանում միջազգային նորմերին: Այո՛,ոչ ավել,ոչ պակաս: Պարոն Մինասյանը նույնիսկ սանտիմետրերով չափել էր, թե որքան է կազմել այդ «սանտիմետրամիլիմետրային անհամաչափությունը», որի պատճառով էլ նա «ստիպված» էր այս աշխատանքները կատարել: Զարմանալի է, որ պարոն Մինասյանը, ով ԵՐԿՐՈՐԴ ուսումնական տարին է ղեկավարում ԲՈՒՀ-ը, տեղյակ չէ, որ ԲՈՒՀ-ի շենքն ընդհանրապես չի համապատասխանում Եվրոպայում և ԱՄՆ-ում ԲՈՒՀ-երի համար նախատեսված ոչ մի չափանիշի, քանի որ այն ի սկզբանե կառուցվել է որպես դպրոցի շենք: Եթե ռեկտոր Մինասյանը այդքան շատ էր մտածում ԲՈՒՀ-ի աշխատակիցների և ուսանողների հարմարությունների մասին,ապա ոչ թե պետք է քարուքանդ աներ բավական լավ վիճակում գտնվող համալսարանի դահլիճը, որն ավելի մոտ էր միջազգային նորմերին, այլ ուշադրություն պետք է դարձներ շատ լսարանների, որոնք ավելի շատ հիշեցնում են անլուսամուտ բանտախցեր, նույն ուսանողների և դասախոսների կողմից օգտագործվող կահույքին և հենց նույն ռեկտոր Մինասյանի կողմից ընդամենը մեկ տարի առաջ  «վերանորոգված»  զուգարաններին:

Այս վերջինի վերաբերյալ մի ծիծաղելի պատմություն կա: Համալսարանի որոշ աշխատակիցներ պարոն Մինասյանին գովերգող իրենց նամակում,որի հասցեատերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր,նկարագրել էին,թե ինչ զուգարաններ է կառուցել ռեկտոր Մինասյանը դասախոսների և ուսանողների համար:Դա ռեկտոր Մինասյանի առաջին «ձեռքբերումն» էր համալսարանում: Միջազգային չափանիշների մասին բարձրաձայնող ռեկտորն ընդամենը մեկ տարի առաջ իր կողմից վերանորոգված զուգարանները,ինչպես ասում է ժողովուրդը՝ «թուրքական արտաքնոցների» պես է արել,ասինքն՝ պպզովի: Սակայն, չգիտես ինչու, ռեկտոր Մինասյանն այդ ժամանակ բացարձակ չմտածեց,որ այդ իր քայլով մեզ տանում է միջնադար: Չմտածե՞ց, որ մենք ապրում ենք 21-րդ դարում և կարելի է տեղադրել զուգարանակոնքեր: Նույնն էլ անլուսամուտ լսարանները և սարսափելի հին կահույքը: «Հին»  գրքեր ոչնչացնելը նրա մոտ ավելի լավ է ստացվում,քան հին կահույքից ձերբազատվելը: «Հին» գրքերը հանձնելով կարելի է գումար աշխատել, իսկ հին կահույքը ոչ ոք չի գնի: Դրանց խնդիրն անտեսվում է: 21-րդ դարում մարդկանց «պպզեցնելը» համապատասխանու՞մ է միջազգային նորմերին:
Ծանոթ լինելով պարոն Մինասյանի գործելաոճին համոզված եմ,որ իմ բարձրաձայնած հարցերի վերաբերյալ կրկին կփորձի մեղադրել նախկին ղեկավարությանը՝ մոռանալով, որ ոտքերը վերմակին համապատասխան պետք է երկարացնել: Սակայն նշեմ, որ նշանակվելով ռեկտոր պարոն Մինասյանը կարող էր իմ կողմից բարձրաձայնված խնդիրների լուծումով զբաղվել, այլ ոչ թե ԲՈՒՀ-ին բացարձակ ոչ անհրաժեշտ դահլիճի և բուֆետի վերանորոգումները կազմակերպել:
Պարոն Մինասյանը մանր-մունր բաներով չի սիրում իրեն ծանրաբեռնել: Նա զբաղված է աշխարհի ամենաթանկ դահլիճի շինարարությամբ: 118 միլիոն դրամով՝ մոտ 250 հազար ԱՄՆ դոլլարով Գյումրիի կենտրոնում կարելի է 3-4 բավական շքեղ երկհարկանի նորակառուց առանձնատներ գնել: Իսկ ՇՊՀ-ի ռեկտորը մի դահլիճ է վերանորոգում: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Սա կոռուպցիոն ռիսկ չէ: Սա թալան է:
Իր «միամիտ» կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ ռեկտոր Մինասյանը հայտնեց, որ բարձրացված աղմուկի պատճառով ԲՈՒՀ-ի իմիջին մեծ վնաս է հասցվել: Հետաքրքիր է, ի՞սկ պարոն Մինասյանը ընդհանրապես գիտի,թե նա ինչ ռեյտինգ ունի շիրակցիների մոտ և ընդհանրապես Գյումրիում:
Պարոն Մինասյանը հպարտորեն ասաց (առանց լուրջ համեմատական վերլուծություն կատարելու), որ իր շնորհիվ ավելացել է ԲՈՒՀ ընդունվողների քանակը: Այո, ավելացել է, բայց ՈՐԱԿԻ հաշվին: Քանի որ հենց նրա ընդունելության արդյունքում եմ ծանոթացել մի երևույթի հետ,որին չէի առնչվել 13 տարի դասավանդելու տարիների ընթացքում: Առաջին անգամ եմ տեսել առկա առաջին կուրսի ուսանողների,որոնք ընդհանրապես չեն գալիս դասի,կամ առնչվել եմ առաջին կուրսի ուսանողների հետ,որոնց մեջ կային անտառաճանաչներ (անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ նաև նրանց ով լինելը): Կնախընտրեի, որ ուսանողների թիվը քիչ լիներ,բայց որակյալ:

Գագիկ Համբարյան

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …