Breaking News

«Երևակայական սնունդը» կօգնի նիհարել

Սնվելու ընթացքում ֆիզիոլոգիական և կենսաքիմիական բազմաթիվ ռեակցիաներ են տեղի ունենում, որոնք նախապատրաստում են մեր օրգանիզմը սնունդ ստանալուն: Իսկ օրգանիզմը պետք է պատրաստ լինի նաև այն մարսելուն: Այնուամենայնիվ, հարցը միայն մարսողությունը չէ: Դրան զուգահեռ փոփոխություններ են տեղի ունենում նյութափոխանակության առումով. օրինակ, արյան մեջ փոփոխվում է շաքարի քանակությունը, անմիջապես քայքայվում են որոշակի ճարպեր, և այլն: Կարելի է ասել, որ օրգանիզմը թոթափում է որոշակի ավելցուկներ՝ տեղ ազատելով սննդի նոր չափաբաժնի սննդարար նյութերի համար: Այս գործընթացի կարևոր բանալիներից մեկը FXR ռեցեպտորային սպիտակուցն է: Սնունդի ընթացքում ակտիվանալով՝ այն ոչ միայն ազդանշան է ուղարկում ճարպերն այրելու համար անհրաժեշտ ստամոքսաթթվի արտազատման համար, այլև ուժեղացնում է մնացորդների նյութափոխանակությունը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ակտիվացնենք այդ FXR ռեցեպտորը, բայց ոչինչ չուտենք: Կարո՞ղ ենք արդյոք այն օգտագործել ավելորդ քաշը կորցնելու և դրա հետ կապված խնդիրները լուծելու համար: Այսպիսի գաղափար դիետոլոգների մոտ դեռևս վաղուց է ծագել, նույնիսկ դեղագործական շատ կազմակերպություններ հասցրել են արտադրել հատուկ դեղամիջոցներ, որոնք ակտիվացնում են FXR ռեցեպտորը: Դրանք կոչվում են «երևակայական սնունդ». օրգանիզմին թվում է, թե սննդարար նյութեր է ստանում, սակայն իրականում դա այդպես չէ: Խնդիրը, սակայն, այն է, որ նմանատիպ դեղերն ազդում են միանգամից մի քանի օրգանների վրա (ռեցեպտորներ կան ոչ միայն՝ աղիներում, այլև՝ երիկամներում, լյարդում, մակերիկամներում), այդ իսկ պատճառով էլ կողմնակի ազդեցություն են ունենում: Ռոնալդ Էվանսը (Ronald Evans) և ԱՄՆ-ի Սոլկ համալսարանի իր կոլեգաները, ովքեր արդեն երկար ժամանակ ուսումնասիրում են FXR ռեցեպտորը, փորձել են գտնել մի միջոց, որը կակտիվացնի այդ ռեցեպտորը միայն աղիներում: Նրանք ստեղծել են ֆեկսարին կոչվող նյութը, որի համար հիմք են հանդիսացել նախորդ նմանատիպ նյութերը, միայն մեկ տարբերությամբ, որ անմիջապես արյուն լցվելուց հետո, ֆեկսարինը շարունակում է գործել միայն աղիների սահմաններում: Փորձամկները, որոնք ճարպակալության խնդիրներ ունեին, շաբաթվա ընթացքում ստանում էին ֆեկսարինի մեկական դեղահաբ, և ժամանակի ընթացքում գիտնականները նկատեցին, որ մկների մոտ այրվում էր ավելորդ ճարպը, իսկ արյան մեջ նվազում էր խոլեստերինի և շաքարի քանակը: Ըստ գիտնականների՝ այս նոր նյութը ոչ միայն կողմնակի ազդեցություն չունի, այլև իրենից առաջ եղած նյութերից ավելի լավ ազդեցություն է ունենում: Առանց աղիներից դուրս գալու, ֆեկսարինը ստեղծում է որոշ կենսաքիմիական փոփոխությունների հաջորդական շղթա, որտեղ յուրաքանչյուր փոխազդեցություն իր ժամանակն ունի: «Երևակայական սնունդը» ներկայումս միայն մկներին են տվել, սակայն գիտնականները պատրաստվում են անցնել կլինիկական հետազոտությունների: Այնպես որ, շատ շուտով ավելորդ ճարպերն այրելու և նյութափոխանակությունը լավացնելու նոր միջոց կունենանք:

168.am

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …