Breaking News

Թուրքիայում կալանավորված իրավապաշտպաններն ազատ են արձակվել

Հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում կազմակերպված սեմինարի ժամանակ ձերբակալված, ապա կալանավորված 8 իրավապաշտպաններն ազատ են արձակվել:

Հոկտեմբերի 25-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 35-րդ դատարանում տեղի ունեցած իրավապաշտպանների գործով առաջին դատական նիստի ժամանակ դատարանը որոշում է կայացրել փոխել կալանավորվածների խափանման միջոցը:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ մեղադրյալները ազատ են արձակվել երկրից չբացակայելու պայմանով:

Գործում ներգրավված 10 իրավապաշտպանների մեղադրական եզրակացության մեջ վերջիններին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում արգելված ու ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ), Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) և գյուլենական համայնքի հետ կապերի մեջ: Իրավապաշտպանների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

Վերոնշյալ մեղադրանքներն առաջադրվել են «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերի, նույն կազմակերպության անդամներ գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդների և Շվեյցարիայի քաղաքացի Ալի Գրավիի, կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Թաներ Քըլըչի, կազմակերպության կառավարման խորհրդի անդամ Վելի Աջուի, «Հայրենակցություն» իրավապաշտպան կազմակերպության անդամներՆալան Էրքեմի, Օզլեմ Դալքըրանի, «Կանանց կոալիցիա» կազմակերպությունից Իլքնուր Ուսթունի, իրավապաշտպան, իրավապաշտպաններ Գյունալ Քուրշունի, Նեջեթ Թաշթանի, ակտիվիստ Շեյհմուշ Օզբեքլիի դեմ:

Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …