Ֆրանսիայի կենդանաբանական այգին հայտարարել է, որ հսկա պանդան երկու երկվորյակ ձագ է լույս աշխարհ բերել՝ նշելով, որ «նրանք շատ աշխույժ, վարդագույն եւ թմբլիկ են», հաղորդում է AP-ն:
Փարիզից հարավ գտնվող Բովալի կենդանաբանական այգում հայտնել են, որ երկվորյակների քաշը 149 եւ 129 գրամ է:
Նրանց մայրը՝ Հուան Հուանը, եւ հայրը՝ Յուան Ցզին, Բովալում են Չինաստանից 10 տարվա վարկով՝ Ֆրանսիայի հետ իրենց լավ կապերը ընդգծելու համար:
«Հուան Հուանը շատ լավ է խնամում նրանց»,- ասվում է կենդանաբանական այգու հայտարարության մեջ:
Կենդանաբանական այգում նշել են, որ ձագերի սեռը որոշել են չինացի մասնագետները, սակայն այն վերջնականապես պետք է հաստատվի, քանի որ մինչեւ ձագերի մի քանի ամսական դառնալը արտաքին սեռական օրգանները չեն երեւում: