Breaking News

Հատուկ դպրոցին հատկացված գումարները ոչ մեկն իրավունք չունի այլ նպատակների համար ծախսել. Անահիտ Բախշյան

Աշխատանքի բերումով անցյալ շաբաթ Կապանում էի, որտեղ, որպես «Սյունիքի զարգացման ծրագրեր» հիմնադրամի կրթության գծով խորհրդական, ուսումնասիրել եմ ներառական կրթության քաղաքականության ներդրման գործընթացը, որը լինելու է շարունակական: Դեռևս շատ վաղ է այս մասին որևէ եզրակացություն ներկայացնել, սակայն առկա է երկու հրատապ խնդիր, որոնք պետք է արագորեն լուծվեն: Առաջինը Կապանի թ.3 հատուկ դպրոցում բնակվող, չափահասության տարիքն անցած 15 միակողմանի ծնողազուրկ ու առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասին է, ովքեր ունեն մտավոր ֆունկցիաների ծանր խանգարումներ և արդեն դուրս են դպրոցական տարիքից, փաստորեն իրավունք չունեն դպրոցում մնալու, բայց Սոցիալական հարցերի նախարարությունը չի լուծում այս մարդկանց բնակության, խնամքի խնդիրը, չի ֆինանսավորում նրանց կեցությունը:

Այն ամբողջությամբ թողել է դպրոցի տնօրինության խղճին, որը նրանց խնամում, կերակրում ու պահում է դպրոցի աշակերտների կրթության, խնամքի համար նախատեսված գումարների հաշվին: Ամեն ամիս նախատեսվածից ավել 15 հոգու կերակրում ու խնամում են այդ դպրոցում, իմ հարցին, թե ի՞նչ գումարներով, ո՞ւմ հաշվին: Պատասխանեցին՝ մեր խնայողությունների հաշվին: Երբ օրերից մի օր կգնան այդ դպրոցի ֆինանսները ստուգելու, կբացահայտեն խախտումներ, երբե՛ք չեն համբուրելու այդ դպրոցի տնօրենի ճակատն ու ասելու՝ ինչ խղճով մարդ ես, որ տարիներ շարունակ, հակառակ մեր որոշման, 15 ավել մարդ ես կերակրել ու խնամել, որի համար մենք քեզ կոպեկ չենք տվել: Չե՛ն ասելու, այլ մեղադրելու են պետական գումարները ոչ արդյունավետ ծախսելու մեջ, այնինչ պետական լիազոր մարմինը, այս պաագայում Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը, անձամբ նախարար Արտեմ Ասատրյանն է պատասխանատու այս խնդրի լուծումը չգտնելու համար:

Իսկ լուծումը պարտավոր են գտնել, հատուկ դպրոցում սովորող երեխաների կրթության համար հատկացված գումարները ոչ մեկն իրավունք չունի այլ նպատակների համար ծախսել, սա օրենքի լուրջ խախտում է ու պատժելի արարք:

Երկրորդ խնդիրը վերաբերում է ԿԳՆ-ին, դպրոցներում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին աջակցություն ապահովող անհրաժեշտ կադրերի պակասն է, որը, ըստ պայմանավորվածությունների, պետք է ապահովեր Գորիսի մանկավարժական համալսարանը, իսկ այնտեղ շատ դանդաղ է ընթանում այս գործընթացը: Այս խնդիրը ԿԳՆ-ի կողմից դեռևս 2 տարի առաջ է դրվել Համալսարանի առաջ, բայց առայժմ արդյունք չկա, այնտեղ որքան հնարավոր է արագ պետք է գործի «Հատուկ կրթության» ֆակուլտետն ու մարզին ապահովի անհրաժեշտ մասնագետներով՝ հոգեբաններ, լոգոպեդներ, սուրդոմանկավարժներ և հատուկ մանկավարժներ: Առանց այս մասնագետների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հնարավոր չէ պատշաճ կազմակերպել: Հարգալից եղե՛ք պետական քաղաքականության նկատմամբ:

Անահիտ Բախշյան

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …