Breaking News

«Երազանք չունեմ». Կույրերի միավորման Երաժշտական կոլեկտիվների առանձին աշխարհը

«Երազանք չունեմ»,- սարսափելի էր լսել այս արտահայտությունը 30-ամյա երիտասարդից, ով Հայաստանում բոլորովին չի պատկերացնում իր ապագան: Կարենը տեսողության խնդիր ունի: Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետն է ավարտել, երաժշտական օժտվածությունը սակայն նրա համար բացել է Հայաստանի Կույրերի միավորման Երաժշտական կոլեկտիվների դուռը, որտեղ նա լուծում է բարցարձակապես միայն իր զբաղվածության խնդիրը: Մայրն է ուղեկցում, շաբաթը երկու օր Շենգավիթից տղային օգնում է հասնել Իսահակյան 18 հասցեում գտնվող հինավուրց դահլիճ, ուր ընթանում են տեսողական խնդիրներ ունեցող երաժիշտներից բաղկացած նվագախմբի ու երգչախմբի փորձերը:

15 հազար դրամ աշխատավարձ, այն էլ տարին ընդամենը 2 անգամ՝ ապրիլյան ու դեկտեմբերյան համերգների ժամանակ. դա Մշակույթի նախարարության կողմից՝ որպես բարի կամքի դրսևորում է դիտվում 41 տարի գործող, ժամանակին մեծ անուն հանած կոլեկտիվի նվիրյալ անդամների հանդեպ: Ինչու բարի կամքի դրսևորում. քանզի կոլեկտիվը չունի պետական կարգավիճակ:

Տիկին Նելլին երգչախմբի հիմնասյուներից է: Կազմավորման ակունքներից մինչ օրս՝ արդեն 41 տարի շարունակ, հավատարմորեն գնում գալիս է Կոմիտաս փողոցից, ինչպես ինքն է ասում՝ կյանքը այս կոլեկտիվում է անցել:

«Անհարմար է նկարագրել անգամ, թե ինչպես ենք հիմա մենք ապրում: Սոված եմ քնում, նույնիսկ տղաս էլ այդ մասին չի իմանում, բայց իսկապես օրեր են լինում, որ սոված եմ քնում: Իսկ այստեղ գալը՝ շաբաթը երկու անգամ երգչախմբի փորձերին մասնակցելը, հոգևոր սնունդի նման մի բան է ինձ համար: Այ, եկեղեցի մտնելով ու դուս գալով՝ ինչպիսի՞ բավարարվածություն ես ունենում՝ հավատալով, հույսեր կապելով. այդպես էլ ինձ համար այս մեր երգչախմբի փորձերն են: Սա էլ եթե չլինի, չեմ կարող ապրել: Չգալը ավելի մեծ տանջանք կլինի ինձ համար»,- ասում է 66 ամյա հաշմանդամ կինը հուզմունքով:

Նրա խոսքը լրացնում է երգչախմբի մեներգչուհի Գայանե Եսայանը. «Մենք կարող ենք բարձր կարգի արվեստ ցույց տալ, մենակ թե մեզ բանի տեղ դնեն: Մենք մեր արվեստով կարող ենք ապացուցել և բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք պատվով ելույթ ունենալ: ժամանակին երկրից դուրս մեծ բեմերում էլ արժանացել ենք բարձր գովասանքի, շնորհակալագրերի: Կատարում ենք և հայրենասիրական, և ազգագրական, և կոմպոզիտորական ստեղծագործություններ, Կոմիտաս ենք ներկայացրել ու ներկայացնում: Բոլորս էլ գրագետ երաժիշտներ ենք»:

Ի դեպ՝ այս կոլեկտիվը վերջին անգամ հյուրախաղի է մասնակցել 2010թ-ին՝ մեկնելով Վրաստան: Կույրերի միջազգային փառատոնի շրջանակներում նրանք արժանացել են լավագույն կատարում և լավագույն գործիքավորում տիտղոսներին, և ինչպես ժողգործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գեղամ Հարությունյանն է ասում՝ ամեն համերգին, ի տարբերություն այլ երկրների ներկայացուցիչների, նրանք կենդանի կատարմամբ են ելույթ ունեցել, ամեն անգամ տարբեր ծրագրերով:

«Մենք 6 համերգ տվեցինք, այն դեպքում, երբ մյուս երկրների կոլեկտիվները, օրինակ՝ վրացիները, ուկրաինացիները, ղազախները և այլն, մեկական համերգով ներկայացան: Եվ, ի դեպ, այսպիսի զավեշտալի դեպք տեղի ունեցավ այնտեղ. Ղազախստանի կույրերի խմբի գեղարվեստական ղեկավարը զրուցում էր ինձ հետ, և երբ հարցրեցի, թե որքան աշխատավարձ են իրենք ստանում, ասաց՝ 1500 դոլարին համապատասխան գումար է, իսկ կոնկրետ ինքը, որպես ղեկավար, 2500 դոլարին համապատասխան է ստանում: Հետո նա ինձ հարցրեց, թե մենք որքան ենք ստանում, և ես ասացի՝ 15 հազար, բայց չասացի, որ խոսքը դրամի մասին է: Նա հասկացավ, թե 15 հազար դոլարին համապատասխան է մեր աշխատավարձը: Շատ զարմացավ՝ ասելով, թե որքան շատ ենք մենք ստանում: Ես, իհարկե, գաղտնիքը չբացեցի: Թող այդպես էլ իմանան, իբր մեզ մեր երկրում գնահատում են: Թասիբի հարց է, էլի»:

Ահա այսպիսի անկեղծ, հումորով ու անմիջական են այս մարդիկ: Ժպիտը դեմքներին, հավատը սրտերում են խոսում իրենց խնդիրների մասին: Իսկ այստեղ մեկ սերունդ չի ներկայանում: Կան երիտասարդներ, ովքեր Կոնսերվատորիան ավարտելով՝ եկել ու միացել են նվիրյալների շարքին:

26-ամյա Վրեժ Մանուկյանը նրանցից մեկն է, 6 տարի է արդեն՝ աշխատում է այստեղ՝ երգում է և նվագում. «Սուտ կլինի, որ ասեմ, թե գունավոր երազանքներ ունեմ՝ չէ: Մենք էն մարդիկ չենք, որ մեծ պահանջներ ունենանք: Գոնե մինիմալ աշխատավարձ ստանանք: Մեկ մեկ տեսնում ես՝ մարդիկ էնպիսի բաների են հովանավորում, որ զարմանում ես: Գնում գալիս ենք, կոլեկտիվով իրար սիրում ենք, գոնե մի թեթևակի օգնություն լինի, գոնե համերգները շատ լինեն: Դա նաև կնպաստի ձայնի և երաժշտական հմտությունների պահպանմանը»:

Այս երաժիշտների համար ամեն փորձին գալ մասնակցելը իրկապես զոհաբերություն է: Շատերը լիովին զրկված են տեսողությունից և առանց ուղեկցողի ընդհանրապես չեն կարող տեղաշարժվել: Իսկ այդպես գնալ գալու ծախսերը կրկնակի են դառնում: Օրինակ՝ այլ կերպ ինչպե՞ս անվանես 33-ամյա Նունեին, եթե ոչ՝ հերոս, ով ամեն անգամ փորձի է գալիս Գեղաշեն գյուղից, իսկ այդ ընթացքում տանը նրան սպասում է 2 տարեկան դուստրը: Փոքրիկի խնամքի հարցում Նունեին օգնում են ամուսինն ու սկեսուրը: Իսկ փորձերի գալու համար նրան ուղեկցում է ընկերուհին, ով նույնպես այս երգչախմբում երգում է. նրա տեսողության խնդիրը մասամբ է: Նունեն ցավով նշեց, որ ընկերուհին, հնարավոր է, շուտով թողնի երգչախումբը, իսկ առանց նրա ուղեկցությամբ ինքն էլ չի կարողանա այլևս գալ:

Երաժշտական այս կոլեկտիվների կադրերի բաժնի վարիչ Սուսաննա Բունիաթյանի խոսքերով՝ բազմիցս դիմել են ավտոբուս ստանալու համար քաղաքապետին, Տրանսպորտի նախարարությանը, սակայն նամակներին չեն պատասխանել. «Մենք գրում ենք, մեզ ոչինչ չեն պատասխանում, հետո իմանում ենք, որ Կույրերի միավորումը ավտոբուս է ստացել: Իրենք ասում են, որ դա մեզ հետ կապ չունի: Ես նորից գրում եմ, թե ինչու միավորմանը պատասխան եք գրում, բայց մեզ չեք գրում: Նորից ոչ մի պատասխան չի գալիս: Միավորումն ասում է, որ իրենք քաղաքապետարանից են ստացել: Ժողովրդին տեղափոխելու համար ենք ուզում: 8 հոգի հիմա հերթագրված ունեմ կույրեր՝ Կոնսերվատորիան ավարտած երիտասարդներ: Իրենք ասում են, որ համաձայն են թեկուզ 15 հազար դրամ ստանան, բայց գոնե ճանապարհի հարցը լուծվի, որ գան աշխատեն»:

Մինչև այս տարվա վերջ պլանավորած 3 համերգ ունեն, մեկը նվիրված կոլեկտիվի 41 ամյակին, երկրորդը՝ որևէ զորամասում, երրորդը՝ նվիրված հաշմանդամների օրվան՝ դեկտեմբերի 3-ին: Այդ երեք սպասվելիք համերգներից միայն մեկն է, որ պետք է ֆինանսավորվի Մշակույթի նախարարության կողմից՝ հաշմանդամների օրվան նվիրվածը:

Սուսաննա Բունիաթյանը ասում է, որ վերջերս նորից 6 նամակ է գրել տարբեր գերատեսչությունների և բարեգործական կազմակերպությունների, սակայն ոչ մի արձագանք դեռ չի ստացել:

«Ավելին ասեմ. հունիսյան համերգի ժամանակ ես 50 տոմս տարել եմ Վիվասելի գրասենյակ, 50 տոմս՝ Ծառուկյան հիմնադրամ, 50-ն էլ՝ քաղաքապետարան: Եվ պատկերացրեք՝ համերգից հետո այդ բոլոր տոմսերը մեզ հետ են վերադարձրել: Գոնե 1 հատիկ չեն վերցրել: Տոմսեր գնել են սովորական մարդիկ, ովքեր մեզ ճանաչում են: 20 ական տոմսեր էլ գնել են տարբեր հիմնադրամներ: Պատկերացնում եք՝ այդ երեք ոչ աղքատ կառույցներն էլ 100 հազար դրամ ափսոսացել են տալ՝ 50 տոմս գնել, որ իրենց համար դա մի մեծ բան չի, իսկ մեր կոլեկտիվի համար մեծ օգնություն կլիներ»,- նշում է տիկին Սուսաննան:

Ահա այսպես նրանք՝ արվեստի այս նվիրյալ մարդիկ՝ 10 հոգի նվագախմբի, 29 հոգի երգչախմբի կազմում, պատմելով, ներկայացնելով իրենց ցավի ու ափսոսանքի, իրենց դժվարությունների ու մտահոգությունների մասին՝ վերջում նորից պայմանավորվում են, միմյանց հետ փորձերի ժամերը հարմարեցնում… Նրանք, միևնույնն է, գալու են, կգնահատվեն, թե՝ ոչ, շարունակելու են իրենց ներդրումը արվեստի սքանչելի ու առինքնող աշխարհում: Սա նրանց աշխարհն է. մի քիչ տխուր, մի քիչ տարբերվող, մի քիչ զարմանալի, բայց հույսով ու սիրով լի. սա նրանց աշխարհն է, ուր հույսը մեկ օր կարող է վերածվել երազանքի:

 Գոհար Ավագյան 

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի, Hetq.am

 

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …