Breaking News

Իսպանիայի դատախազությունը ծրագրում է մեղադրանքներ առաջադրել Կատալոնիայի կառավարության անդամներին

Շարունակվում է քաղաքական ճգնաժամը Կատալոնիայի հիմնախնդրի շուրջ: Իսպանիայի դատախազությունը սպառնում է քրեական գործեր հարուցել շրջանի հեռացված ղեկավարության անդամների նկատմամբ:

Երկուշաբթի օրը Կատալոնիայի տարածքային կառավարման նախարարը ժամանել է աշխատանքի վայրը, որից հետո դուրս է բերվել շենքից ոստիկանության ուժերի կողմից: Նա այն գործիչների շարքում է, ում գլխավոր դատախազությունը կարող է մեղադրանք առաջադրել:

«Խռովության, ապստամբության և հափշտակման համար մեղադրանքներ կառաջադրվեն Կատալոնիայի շրջանային իշխանության այն անդամներին, ում գործողությունները հանգեցրեցին ճգնաժամի»,- հայտարարել է Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մազան:

Վերոհիշյալ մեղադրանքները նախատեսում են մինչև 30 տարվա ազատազրկում: Այս պահին դատարանը դիտարկում է դատախազության դիմումը:

Կատալոնիայի առաջնորդ Կառլոս Պուջդեմոնտը կառավարության մի շարք այլ անդամների հետ հեռացել է Բրյուսել: Վերլուծաբանների կարծիքով Մադրիդը կարող է սահմանափակել նրանց տեղաշարժը:

«Կարծում եմ նրանց գործողություններն արդյունավետ չեն: Սակայն կան կարծիքներ, որ հենց դա է Կատալոնիայի առաջնորդների նպատակը, այս կերպ նրանք ցանկանում են հերոսանալ»,- ասում է քաղաքական վերլուծաբան Լուիս Քորնագոն:

Կատալոնիայի հեռացված կառավարության պաշտոնատար անձինք պատրաստվում են մասնակցել դեկտեմբերի ընտրություններին: Վերլուծաբանների կարծիքով, եթե գալիք ընտրություններում անկախության կողմնակիցները կրկին ստանան ձայների մեծամասնություն, դա կարող է խնդրահարույց դառնալ Մադրիդի համար: Ըստ նրանց, անհրաժեշտ են բանակցություններ Բարսելոնայի ու Մադրիդի միջև:

Իսկ այս օրերին անկախության կողմնակիցներն ու հակառակորդները Կատալոնիայում կազմակերպել էին մեծ հանրահավաքներ, որոնք ևս մեկ անգամ ընդգծել են այն պառակտվածությունը, որ տիրում է Կատալոնիայի հարցի շուրջ:

Մադրիդը շարունակում է ապավինել Կատալոնիայի ոստիկանական ուժերի հավատարմությանը և հույս ունի, որ գալիք ընտրությունները կնվազեցնեն լարվածությունը շրջանում:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …