Breaking News

Ինչպես զինված զանգեզուրցիները շրջափակեցին անգլիացիների մեքենան և ստիպեցին այնտեղից ձեռնունայն հեռանալ

1918 թվականի օգոստոսի 22-ի համաձայնությամբ Արցախը ժամանակավոր դարձավ Ադրբեջանի մաս։ Այդ համաձայնությունը ցնծությամբ ընդունվեց Ադրբեջանում։ Հստակ էր, որ Ադրբեջանի ծրագրերում կար, որ Արցախի բռնակցումից հետո պետք է սկսվեր նաև Զանգեզուրի բռնակցման պրոցեսը։ Օգոստոսի 22-ի համաձայնության առիթով Մուսավաթի պարագլուխ Ռասուլ Զադեն Զանգեզուրի մասով մասնավորապես նշել է.

«Գալով Զանգեզուրին, որ ցավ է դարձել մեզ համար և մեջտեղը կանգնած է սպառնալով մեր նպատակներին, կարող ենք հույս ունենալ, որ նա էլ մոտ ժամանակներում կդրվի անվնաս դրության մեջ, և որ Առտարա գետից և Սամուրի կամուրջից սկսած մինչև Արաքս գետն ու Ջուլֆայի կամուրջը կբացվի անարգել մի ճամփա։ Այդ նշանակում է, որ այս կերպով Ազրբեջանի հողային պահանջների կարևոր մասը լուծում է ստացել»։  (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 343):

Ադրբեջանցի իշխանավորները հստակ ընդգծում են իրենց  ծրագրերի մասին։ Այդ ծրագրերն ավելի հստակ ու պարզ են դառնում, երբ 1919 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի գլխավոր սպայակույտի պետը իր նամակում Սուլթանովին մանրամասն ներկայացնում է իրենց ծրագրերի և Զանգեզուրի բռնակցման տակտիկայի մասին։ Այդ մասին մենք արդեն իսկ ներկայացրել ենք նախորդ հոդվածում։ Արդեն իսկ 1918 թվականի մարտ ամսին Արցախն ու Զանգեզուրը միացվեցին և կազմվեց Գանձակից առանձին շրջան, սակայն դա հաջողություն չունեցավ, քանի որ Արցախն ու Զանգեզուրը միմյանցից կտրված էին, գոյատևում էին առանձին։ Զանգեզուրում վիճակն ավելի էր վատթարանում, քանի որ լինելով Արցախից անջատված, նյութական վիճակը գնալով վատանում էր։

Զանգեզուրը տնտեսապես օր օրի ավելի վատ վիճակում էր հայտնվում։ Այս ամենին գումարվում էին նաև հողային վեճերը և մի շարք այլ հարցեր։ Այս ամենին պետք է գումարել նաև անգլիացիների վարած քաղաքականությունը, ովքեր Արցախում և Զանգեզուրում փորձում էին օգնել ադրբեջանցիներին։ Երբ նոյեմբերին թուրքերը գործողություններ սկսեցին Զանգեզուրում, Անդրանիկը ջարդեց թուրքերին և շարժվեց Արցախ` Շուշի, որտեղից օգնության ձեռք էին մեկնել իրեն արցախցիները։

Անդրանիկը ճանապարհի կեսին կանգնեցվեց անգլիացիների կողմից և վերադարձվեց Զանգեզուր։ Զանգեզուրից էլ Անդրանիկը անգլիացի սպա Գիբընի ուղեկցությամբ ուղևորվեց Էջմիածին, իր զենքերն ու ռազմամթերքը հանձնեց կաթողիկոսին, հեռացավ Թիֆլիս, այնուհետև նաև արտասահման։ Այս նույն ընթացքում անգլիացիները Արցախում և Զանգեզուրում փորձում էին օգնել ադրբեջանցիներին և թուրքերին, որպեսզի Արցախն ու Զանգեզուրը անցնեն Ադրբեջանի կազմ։ Զանգեզուրում ևս անգլիացիները փորձեցին համոզել, որն անում էին նաև Արցախում։ Սակայն Զանգեզուրում նրանք ուժեղ դիմադրության արժանացան։ Սյունեցիները սկզբում ոգևորված էին, սակայն հետագայում իրենց ամբողջ զայրույթը արտահայտեցին և անգլիացիները հեռացան ձեռնունայն։ Այդ բացառիկ իրադարձության մասին ևս ներկայացնում է Սիմոն Վրացյանը.

«Անգլիացիների երևալը Զանգեզուրում առաջ բերեց անխառն ուրախություն, որը, սակայն, շուտով պղտորվեց անգլիացիների բռնած երկդիմի դիրքով. «մեր մեծ դաշնակցի» ներկայացուցիչներն էլ աշխատում էին Զանգեզուրը դնել Ազրբեջանի իշխանության տակ։ Զանգեզուրցիք  ցասումով բողոքեցին և ըմբոստացան այդ ծրագրի դեմ։

Այդ առթիվ Զանգեզուր գնաց զոր. Թոմսոնի տեղակալ զոր. Շատելվորտն և Հայաստանի ներկայացուցիչ Հ. Արղությանը։ Զանգեզուրցիք Շատելվորտին էլ ընդունեցին զայրույթով ու միակ պահանջով` միացնել Զանգեզուրը Հայաստանին։ Շատելվորտի սպառնալիքների վրա` զանգեզուրցիները զինված ցույց արին նրա ինքնաշարժի շուրջ և քիչ էր մնում ձերբակալեին նրան։ Շատելվորտը հեռացավ ձեռնունայն, իսկ Հ. Արղությանը, որ Ղարաբաղի հարցում կուսակից էր փոխադարձ զիջումի, զեկուցում տարավ Երևան, թե ստեղծված պայմաններում, ո՛չ միայն Զանգեզուրը, այլև Ղարաբաղն էլ չի կարելի թողնել Ազրբեջանի տիրապետության տակ»։

Այս դեպքից հետո տեղի ունեցած հետագա զարգացումներին մենք հաջորդիվ կանդրադառնանք։ Պարզապես սա ևս մեկ պատմական փաստ և ապացույց է, որ Արցախում և Զանգեզուրում անգլիացիներն ունեին իրենց հետաքրքրությունները։ Եվ այդտեղ իրենց, թուրքերի և ադրբեջանցիների շահերը համընկնում էին։ Եթե 20-րդ դարից առաջ ենք շարժվում և գալիս մեր օրեր, ապա տեսնում ենք, որ Արցախի և Սյունիքի հարցով ադրբեջանական ձեռագիրը նույնն է։ Արցախից հետո ադրբեջանցիները անցան Սյունիքին։

Նպատակը, ծրագրերն ու տակտիկան նույնն է։ Եվ եթե 100 տարի առաջ պատմությունն ու փաստերը ցույց են տալիս, որ ժամանակին անգլիացիները ամեն ինչ անում էին, որ Զանգեզուրը ևս անցնի Ադրբեջանի կազմում, ապա այսօր ևս պետք չէ բացառել, որ Մեծ Բրիտանիան հիմա ևս ունի նույն ցանկությունն ու շահերը։ Պատմությունը կրկնվում է, իսկ մենք դասեր չենք քաղել։ Անցյալի պատմությունից այժմ մեզ մոտ մնացել է Սյունիքում ապրող մարդու ոգին, ամրությունն ու պայքարի ցանկությունը։ Եվ հաջորդիվ կտեսնենք, որ այդ ոգին կարողացավ ժամանակին խառնել շատերի խաղաքարտերը։

168.am

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …