Breaking News

Շաբոյանը ձեռ է առնում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում շաքարավազի գները կտրուկ նվազել են` շուրջ 14 տոկոսով, և այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ: Արտակ Շաբոյանը նշել է, որ շաքարավազի շուկայում սակագների իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ և խորացմամբ: Ըստ նրա՝ այս պահին շաքարավազ ներկրող շուրջ 50 ընկերություն կա:

Եթե հավատանք Շաբոյանի խոսքերին անվերապահ՝ ուրեմն նրան պետք է ձոնել Հայաստանում տնտեսական հեղափոխության բոլոր դափնիները, որ նրա ղեկավարած մարմինն ի զորու եղավ ջարդել շաքարավազի շուկայում մոնոպոլիայի ողնաշարը: Իսկ իրականում Շաբոյանն էլ ու ցանկացած շարքային քաղաքացին էլ՝ մեկից մեկ գիտեն, որ այդ 50 ընկերությունը կամ շաքարավազ ներկրող մայր ընկերության վտակներն են, կամ էլ այդ ընկերություններն այնքան փոքր ծավալի շաքարավազ են ներկրում, որ ուղղակի չեն կարող մրցակցության մեջ մտնել, էլ ուր մնաց՝ խաղի կանոններ ու գնային քաղաքականություն թելադրեն երկրի տարածքով մեկ:

Իսկ իրականում, որն է շաքարավազի գնի իջեցման պատճառը: Դեռ այս տարվա սեպտեմբերին ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է սահմանափակել Բելառուսից և Ղազախստանից շաքարավազի ներմուծումը, քանի որ այդ երկրները շաքարավազի հումք են ներմուծում, մշակում և հետո էժան գնով վաճառում Ռուսաստանում: Մինչդեռ, Ռուսաստանը ունի շաքարի գերարտադրություն, որը պետք է արտահանել: ՌԴ գյուղնախարարը նաև շեշտեց, որ շաքարավազի գինը մոտ կրկնակի նվազել է. 1կգ շաքարավազը սեպտեմբերին վաճառվում էր 26 ռուբլիով՝ այն դեպքում, երբ ամիսներ առաջ այն 44 ռուբլի էր: Իսկ այսօր շաքարի մեծածախ արժեքի 1 կգ-ը Ռուսաստանում տատանվում է 23-25 ռուբլի (մոտ 200-210 դրամ): Ասել է, թե Ռուսաստանում շաքարավազի գինը կտրուկ անկում է ապրել: Այն մի քանի ամսվա տարբերությամբ իջել է 40-45 տոկոսով:

Իսկ Հայաստանը շաքարավազ ներկրում է Ռուսաստանից: Եվ բնականաբար, Ռուսաստանում շաքարավազի գերարտադրության և գների իջեցման պայմաններում` այն չէր կարող չազդել Հայաստանի շուկայի վրա: Այլ հարց է, թե ինչ չափաբաժնով: Շաբոյանը հայտարարում է, որ շաքարավազի գինը իջել է 14 տոկոսով և այն էլ՝ մրցակցության ուժեղացման արդյունք է: Ու այս տրամաբանությամբ էլ նա ղեկավարում  է հակամենաշնորհային մարմինը՝ հանրությանը հրամցնելով այն, ինչը ձեռնտու է իրեն՝ իր պաշտոնում ավելի երկար մնալու համար:

ArmLife.am

Check Also

Ինչպես կարող են Ուկրաինայի հակամարտությունն ու ռուբլու փոխարժեքն ազդել ՀՀ տնտեսության վրա

Ուկրաինայում զինված հակամարտության պատճառով ռուբլու փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ կտրուկ նվազել է. եթե անցյալ տարվա …