Breaking News

«Փաստ». Թրամփի քաղաքականությունն ու «Գրին քարտ»–ի սիրահար հայերը

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա: Ըստ ԱՄՆ նախագահի՝ խաղարկությանը փոխարինող նոր համակարգը ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված եւ հմուտ անձնավորություններին: Նոյեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում ահաբեկչություն կատարածը ուզբեկստանցի 29–ամյա Սայֆուլլո Սաիպովն է, ով «Գրին քարտ» էր շահել եւ այդ միջոցով էր հայտնվել ԱՄՆ–ում: Ահաբեկչությունից հետո գործող վիճակախաղի վերաբերյալ Թրամփը կրկին իր կոշտ գնահատականը տվեց:

Գաղտնիք չէ, որ «Գրին քարտի» խաղարկությունը ՀՀ քաղաքացիների համար եւս ԱՄՆ–ում հայտնվելու ամենատարածված ճանապարհներից է:

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ Արեւելյան Եվրոպայի երկրների ցանկում «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցության թվաքանակով Հայաստանը 4–րդ տեղում է. «Միայն 2015 թ. 2500 ՀՀ քաղաքացի «Գրին քարտ» է շահել ու մեկնել Հայաստանից: Իսկ ընդհանուր առմամբ վերջին տարիներին մոտ 55–ից 60 հազար մարդ է դիմել խաղարկությանը: Խոսքը 2014, 2015, 2016 թթ. մասին է»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն գնում է Անգլիայի ճանապարհով:

«Անգլիան դեռ 17 տարի առաջ փոխեց ներգաղթի քաղաքականությունը եւ հայտարարեց, որ իրենց պետք չեն սեւագործ բանվորներ, որոնք կատարում են ցածրակարգ աշխատանք: Հիմա ԱՄՆ–ն է հայտարարում, որ իրեն բարձրակարգ մասնագետներ են պետք, ովքեր կտիրապետեն անգլերենին, կարող են օգուտ բերել տնտեսությանը եւ ինտեգրվել ամերիկյան աշխատաշուկայում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ժողովրդագետը:

Հարցին, թե փոփոխությունը չի՞ նպաստի արդյոք, որ Հայաստանից պարզապես «ուղեղների արտահոսք» կլինի, Ա. Մարկոսյանը պատասխանեց. ««Ուղեղների արտահոսք» միշտ էլ եղել է: Մի պահ կանգ էր առել, բայց այս պահին որոշակիորեն կա այդ արտահոսքը: Այդ պատճառով փաստը չեմ ուզում կապել նշված խաղարկության հետ: Բարձրակարգ մասնագետները ՀՀ–ից ոչ միայն ԱՄՆ, այլեւ ուրիշ երկրներ են հեռանում: Այդ փաստը ավելի շատ կկապեի մեր ներքին քաղաքականության հետ: Օրինակ՝ Հարկային օրենսգիրք է փոխվում, աշխատավարձ ստացողների դրույքաչափերն են բարձրանում, սա եւս կարող է նպաստել: Խաղարկությունն, իհարկե, փոփոխություն կբերի Հայաստանից ԱՄՆ մեկնողների համար: Էլի կմեկնեն, չեմ ասում չեն մեկնի, բայց արդեն կմեկնեն որակյալ մասնագետները»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …