Breaking News

«Փաստ». Ինչո՞ւ է շմոլ գազից թունավորումների թիվն ավելացել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է՝ հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից:

Հունվարի 1–ից հոկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազից թունավորումների 276 դեպք է գրանցվել:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվն ավելացել է 112–ով:

Գրանցված վերջին դեպքը դեռ թարմ է: Հոկտեմբերի 2–ին Ծիլքար գյուղում շմոլ գազից ընտանիքի երեք անդամները տուժել են:

Դեպքերի մեղավորը եւ՛ սպառողն է, եւ՛ պատկան կառույցը: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինիս խոսքով, երբ ներդրվեց գազասպառման ներտնային համակարգը, խնդիրը կարգավորվեց:

«Դա շատ կարեւոր համակարգ է, որի գործածությունից հետո դեպքերի թիվը կտրուկ նվազել է»,– մատնանշեց Պողոսյանը:

Շմոլ գազի թունավորումներից առաջատարը Երեւանն է 127 դեպքով` նախկին 58–ի փոխարեն: Շմոլ գազից թունավորումներով ամենաքիչը աչքի է ընկնում Վայոց ձորի մարզը: Ըստ Արմեն Պողոսյանի՝ դեպքերը ավելանում են հատկապես ցուրտ գոտիներում:

«Շիրակի մարզում են շատ լինում: Այդտեղ ցուրտ է: Բացի սա, կան շատ վագոն– տնակներ, իսկ նման վայրերում վերահսկողություն կազմակերպելը մի քիչ դժվար է »,– նկատեց նա:

Սպառողների շահերի պաշտպանի գնահատմամբ՝ հաճախ հենց օգտագործողը չի պահպանում անվտանգության կանոնները: Հաճախ անգամ տրված ցուցումները սպառողներն արհամարհում են ու ավանդական ձեւերով կիրառում:

«Արդյոք բոլորը գիտե՞ն, եթե խոհանոցում կա գազի սարք, դուռը պետք է հատակին չկպչի: Չեմ կարծում՝ այս կանոնի մասին բոլորն իմանան: Եվ այս նորմը, բնականաբար, չի պահպանվում»,– ասաց մեր զրուցակիցը:

Այս հարցում նա նաեւ կարեւորում է պատկան կառույցի հետեւողական աշխատանքը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …