Breaking News

Versace. մի բրենդի պատմություն

Versace բրենդի  հիմնադրի անցած ուղին ներկայացնելու համար տարբեր պարբերականներ և ամսագրեր նշում են այս բրենդի չափազանց յուրահատուկ լինելու մասին: Շատերը Versace-ի հաջողության գրավական են համարում տղամարդու հագուստի հավաքածուների առկայությունը, իսկ ոմանք էլ կարծում են, որ ամեն ինչ կապված է կազմակերպված ընտանեկան բիզնեսի ստեղծման և նոր գաղափարների օգտագործման հետ: Բրենդի հիմնադիր Ջաննի Վերսաչեն իր հաջողության մասին խոսելիս առանձնացնում է աշխատասիրությունը, վառ երևակայությունը և համբերատարությունը:

 

 

Իտալացի դիզայներ Ջաննի Վերսաչեն ծնվել է իտալական Կալաբրիա կոչվող շրջանում, որը համարվում է Իտալիայի ամենից աղքատ հատվածը: Ջաննի մայրը դերձակ էր, այդ պատճառով էլ տղան 12 տարեկանից աշխատել է մոր հետ: Վերջինս Ջաննիին սովորեցրել է շատ մանրուքներ կտորների, կարուձևի մասին: Versace բրենդի ոճի հիմք հանդիսացող առաջին մետաքսե զգեստները կարվել են հենց այս արհեստանոցում: 1970 թ-ին երիտասարդ վարպետ Վերսաչեն գալիս է Միլան, որտեղ ձեռք է բերում ոլորտին կատարելապես տիրապետող մարդու համբավ:

1978-ին Ջաննի Վերսաչեն հիմնում է ընտանեկան բիզնես՝ Gianni Versace S.p.A-ն, որը հակիրճ ստանում է Versace անվանումը: Բրենդի խորհրդանիշ է համարվում Ռոնդանինի մեդուզան: Ըստ մոդելիերի՝ այս կենդանին խորհրդանշում է գեղեցկություն և պարզություն. այն ուղիղ իմաստով հիպնոզացնում է մարդուն:

 

 

 

 

Versace-ի հագուստը տարբերվում է իր յուրօրինակ գույներով և կատարյալ կարով: Կանացի հագուստում Ջաննին նախապատվությունը տալիս էր քիպ հագուստին, կարճ կիսաշրջազգեստներին, խորը լանջաբացվածքին, ինչպես նաև ձեռքերի և մեջքի բացվածքով զգեստներին:  Versace-ի հավաքածուների հիմքում զգացմունքայնությունն ու անկեղծությունն է:

1982 թ-ին դիզայները ստեղծեց փայլուն հավաքածու՝ բառի ուղից իմաստով: Հավաքածուի բոլոր զգեստները ստեղծված էին ալյումինե նուրբ թելերից: 1991 թ-ի Versace-ի հավաքածուում տեղի էին գտել մեծ քանակությամբ կաշվե դետալներ: Այս հավաքածուն ստացել էր S&M  անվանում:

Versace-ի հավաքածուի ամենահեղափոխական  զգեստը բրիտանական նեոպանկ ոճով զգեստն է, որով հանրության առաջ ներկայացավ Էլիզաբեթ Հերլին: 1989 թ-ին թողարկվեց բրենդի Versus անունը կրող երիտասարդական հավաքածուն, որը մինչև օրս ղեկավարում է Դոնաթելլա Վերսաչեն:

 

 

Versace բրենդից օգտվում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սիլվեստեր Ստալոնեն, Հյու Գրանտը, Մայք Թայսոնը, Վուդի Ալենը: Մադոննայի խոսքով, Versace-ն ամբողջությամբ փոխել է իր ոճը: Հայտնի թոփ մոդելներ Նաումի Քեմբլը և Կլաուդիա Շիֆերը Versace են նախընտրում ոչ միայն պոդիումում, այլև առօրյայում:

Այսօր Versace նորաձևության տան գլխավոր դիզայները Դոնաթելլա Վերսաչեն է:

 

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …