Breaking News

Սրտաբանն անտեսել է զորակոչիկի ունեցած հիվանդությունները, ինչը վերջինիս մահվան պատճառ է դարձել. ՀՔԱՎԳ

2016 թ. մայիսի 29-ին ԼՂՀ զորամասերից մեկում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է: Վերջինիս իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը, տեղեկացնում  է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Սուրեն Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով պաշտոնեական անփութության մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

2015թ. մարտի 4-ին զորակոչիկ Սուրեն Մոսիյանի մոտ պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ հայտնաբերվել է «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը: Նշված ախտորոշումը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին, որի հիման վրա զորակոչային հանձնաժողովի սրտաբանը պարտավոր էր ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների: Սակայն սրտաբան Սեդա Թադևոսյանը, անտեսելով դրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, համարելով, որ տրված եզրակացությունը բավարար է, Սուրեն Մոսիյանին ճանաչել է զինծառայությանը պիտանի, և 2015 թ. հուլիսի 25-ին վերջինս զորակոչվել է: Այնինչ՝ հետագայում քրեական գործով նշանակված եզրակացություններով  պարզվել է, որ եթե կատարվեին համապատասխան հետազոտություններ և ախտորոշումը հաստատվեր, Սուրեն Մոսիյանը պետք է զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվեր և ազատվեր զինվորական ծառայությունից:

2016 թ. մայիսի 29-ին մարտական ծառայություն իրականացնելիս Ս. Մոսիյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել: Իրականացված փորձաքննությունների եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության շրջանակում 2017 թ. նոյեմբերի 1-ին կայացած դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ներգրավված վկաներ, Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի թերապևտ Ալլա Ղազարյանը և սրտաբան Աշոտ Գևորգյանը:

Հարցաքննված վկաների ցուցմունքներից պարզ դարձավ, որ սրտի հիվանդություն չունեցող անձի մոտ սրտի զարկերի նորման պետք է լինի 60/90 կամ 60/100, չնայած դրան՝ բժիշկները դատարանում պնդում են, որ Ս. Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը ևս համարվում է նորմալ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հարցաքննված բժիշկների մոտ «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը նորմալ է: Դրանում, նրանց պնդմամբ, ինչպես սիրտ-անոթային, այնպես էլ այլ հիվանդության կամ ախտահարման կասկած չկա: Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Այն նշանակված է 2017 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին:

 

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …