Breaking News

Դասադուլավորները փակել են պատգամավորների մեքենաների մուտքը

ԱԺ-ում տարկետումը սահմանափակելու վերաբերյալ օրինագծի ընդունումը նշանակում էր, որ այս օրերի ընթացքում ուսանողների ձայնը չի լսվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի խնդրահարույց նախագիծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը։

«Քանի որ մեր ձայնը ԱԺ-ում չեն լսում, մենք լռության ակցիա ենք սկսում ԱԺ-ի դիմաց»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրենք փակել են ԱԺ-ի մեքենաների մուտքը եւ չեն պատրաստվում տեղի տալ։ Ապա ցուցարարները որոշեցին փակել ընդհանրապես մեքենաների մուտքը դեպի Դեմիճյան փողոց։

Նշենք, որ նախօրեին ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել: Ուշ երեկոյան նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է եւ նա դադարեցրել է հացադուլը:

Բացի այդ, ԵՊՀ-ի առջեւ նստացույց էր սկսվել, որը շարունակվելու է նաեւ այսօր:

Իսկ նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊՆախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:

Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …