Breaking News

«ՀԺ». Հայաստանի եւ Հունաստանի միջեւ միջպետական խոշոր սկանդա՞լ է հասունանում

«Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը Հունաստանից նամակ է ստացել, որտեղ առկա փաստերը դիվանագիտական սկանդալ կարող են հարուցել: Ներկայացնում ենք նամակն առանց խմբագրման.

«Վերջին օրերին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի քայլերի հետեւանքով սկանդալային իրավիճակ է հասունանում Հայաստան-Հունաստան միջպետական հարաբերություններում: Չարչօղլյանը քայլերի է դիմել, որը մեղմ ասած, անհարիր է նրան՝ որպես դեսպանի եւ ընդանրապես հեռու է դիվանագիտական նորմերից:

Հարցն առաջացել է, երբ դեսպանը Հունաստանում ավանդականորեն ներկայություն ունեցող Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ) պարտադրել է ՌԱԿ-ի 96-րդ ամյակի առթիվ կազմակերպվող հանդիսության կապակցությամբ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Նեո Դեմոկրատիա» կուսակցության կարկառուն դեմքին, Աթենքի նախկին քաղաքապետ (2003-2006 թթ.), նախկին արտգործնախարար (2006-2009 թթ.), կուսակցության ներկայիս նախագահի քրոջը՝ Դորա Բակոյանիսին տրված հրավերը հետ վերցնել, վերջինիս ադրբեջանամետ եւ հակահայ անվանելով:

Դեսպանը համառորեն ճնշել է Ռամկավարներին՝ չեղարկելու արդեն իսկ շաբաթներ առաջ մամուլով հայտարարված Բակոյաննիսի հրավերն ու ներկայությունը, անհարմար դրության մեջ գցելով ՌԱԿ-ին: Միեւնույն ժամանակ սկանդալային եւ վտանգավոր ռիսկի է ենթարկել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները, մանավանդ որ, ըստ Հունաստանում անցկացված վերջին սոցհարցումների, «Նեո Դեմոկրատիա» կուսակցությունը մեծ տարբերությամբ շահելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ ձեւավորելու է կառավարություն:

Դեսպանի գռեհիկ ճնշման տակ ՌԱԿ-ի Հունաստանի պատասխանատուները հետ են վերցրել իրենց հրավերը Դորա Բակոյանիսից, ինչը բացասական մթնոլորտի պատճառ է հանդիսացել երկու կուսակցություների միջեւ, որի արդյունքում «Նեո Դեմոկրատիա» կուսակցությունն ընդհանրապես չի մասնակցել ՌԱԿ-ի հանդիսությանը՝ հրավերի հետ վերցնելը համարելով անարգանք ուղղված ոչ միայն Բակոյանիսի, այլեւ ողջ կուսակցության հասցեին:

Առաջացած արտառոց նոր իրավիճակում, կարծես, ըմբռնելով իր սկանդալային ոտնձգության ծանրակշիռ լինելը, դեսպանը եւս «փախուստի էր դիմել» ՌԱԿ հանդիսությանը ներկա լինելուց:

Նկատի ունենալով, որ սկանդալային այս հարցը հարուցելուց մի քանի օր առաջ դեսպան Չարչօղլյանն իր իսկ խնդրանքով հանդիպում էր ունեցել նույն «Նեո Դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Միոտակիսի հետ, մնում է հավատալ, որ ինչ-ինչ մղումերից ելնելով  Չարչօղլյանը նպատակադրվել է վնաս հասցնել ՌԱԿ-«Նեո Դեմոկրատիա» հարաբերություններին, առանց հաշվի առնելու, որ դեսպանի հանգամանքով կատարված նման քայլը առաջին հերթին հարվածի տակ է դնում հայ-հունական միջպետական հարաբերությունները:

Մյուս կողմից, նկատի ունենալով նաեւ այն, որ դեսպանի քայլերին զուգահեռ, ՀՀ իշխանական կոալիցիային մասնակից ՀՅԴ Հունաստանի մասնաճյուղը եւս ՌԱԿ հանդիսությունը ձախողելու նպատակով տնետուն տեղի հայերին հորդորել է, որ չմասնակցեն ՌԱԿ-ի կողմից կազակերպվող «հակահայկական» հանդիսությանը, հարց է առաջանում՝ սկանդալային այս քայլը ձեռնարկվել է Երեւանի իշխանության գիտությամբ եւ թելադրանքո՞վ, թե՞ միայն տեղական նախաձեռնություն է:

Հարցական, որի պատասխանն ի հայտ կգա ինքնըստինքյան, երբ ականատես դառնանք, թե ապաշնորհ «դիվանագետի» նկատմամբ ինչն է խոսելու Երեւանում՝ թայֆայակա՞ն, թե՞ պետական շահը:

Խորիմաստ է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի հետօրեին, սփյուռքի կազմակերպությունների նկատմամբ քաղաքական նախասիրություններով եւ նախապայմաններով, փաստորեն, հակապետական նման վերաբերմունքը, որը արմատից կացնահարում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:

Հատկանշական է նաեւ, որ ՌԱԿ հիմնադրման 96-րդ ամյակին նվիրված շքեղ հանդիսությունը կայացավ կիրակի՝ նոյեմբերի 12-ին, Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հանրահայտ հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում եւ, ի հեճուկս իրագործված բոլոր խանգարող հանգամանքների, մեծ աջակցություն ստացավ ժողովրդի կողմից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …