Breaking News

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս, ապրիլյան պատերազմի խորհրդանիշ դարձած Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան:

Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996թ. նոյեմբերի 16-ին Երևանում: 2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։ Այնուհետև սովորել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում՝ ստանալով ատամնատեխնիկի որակավորում։ 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ և նույն տարում զորակոչվել բանակ:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ[2]։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին[14]։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի[2]։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

 

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …