Breaking News

«Լավրովյան շարքային» այց Հայաստան՝ վտանգավոր հեռանկարով

Վաղը երկօրյա պաշտոնական այցով Երևան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:

1in .am-ը գրում է.
Երևանը Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցի առաջին կանգառն է. հաջորդ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարը այցելելու է նաև Ադրբեջան: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը պաշտոնական տեղեկատվությանը հավելում է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում և Բաքվում քննարկելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Այս հարթության վրա ուշագրավ է դառնում այն հարցը, թե որ համատեքստում է Լավրովը Երևանում ու Բաքվում քննարկելու ԼՂ հարցը` ռուսական տարածաշրջանային քաղաքականությա՞ն, Մինսկի խմբի համանախագահության ջանքերի՞, թե՞ ռուս-թուրքական հնարավոր համաձայնությունների համատեքստում:

Վերջին բաղադրիչը կարծես թե դուրս է գալիս շրջանառությունից, որովհետև անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս ակնարկեց, թե ԼՂ հարցում չարժե հույս դնել Վլադիմիր Պուտինի վրա: Շատ փորձագետներ պնդում են, որ Սերգեյ Լավրովը տարածաշրջան է գալիս դիվանագիտական շրջանակներում իրեն վերագրվող պլանն ակտիվացնելու նպատակով:

Տեսականորեն այս սցենարը չի բացառվում, որովհետև հակամարտության գոտում ռուսական ռազմական ներկայությունը մնում է Մոսկվայի օրակարգում` ռազմավարական առումով, մյուս կողմից` Ռուսաստանի սեպարատ ղարաբաղյան նախաձեռնությունը քիչ հավանական է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այսօրվա ակտիվության ֆոնին, մանավանդ, որ դեկտեմբերին նախատեսվում է Էդվարդ Նալբանդյան-Էլմար Մամեդյարով հանդիպումը` համանախագահության միջնորդական ձևաչափում:
Շատ հնարավոր է, որ Լավրովի այցը Երևան և Բաքու տեղավորվում է հենց համանախագահության ջանքերի համատեքստում, մանավանդ, որ նույնիսկ Վաշինգտոնում և Փարիզում ակնարկում են, որ հակամարտության մենեջմենթի գործընթացում առաջատարությունը պատկանում է Մոսկվային: Միջազգային մեկուսացման մեջ հայտնված Ռուսաստանի համար տարածաշրջանային իր դերի լեգիտիմ ճանաչման փաստն այս պահին ավելի կարևոր է, քան սեպարատ նախաձեռնությունը, որի արդյունավետ հեռանկարը, ինչպես ցույց տվեց անցած տարվա ապրիլյան պատերազմը, երաշխավորված չէ:

Մյուս կողմից` թերևս չարժե ավելորդ դրամատիզմ ու պատմականություն հաղորդել Սերգեյ Լավրովի այցին, որը շատ դեպքերում արարողակարգային բնույթ է կրում` պայմանավորված այն պատմական դերակատարությամբ, որը Ռուսաստանն ունի հետխորհրդային տարածքում ու հատկապես մեր տարածաշրջանում: Հակված ենք ենթադրել, որ վաղը Երևանից մեկնարկող Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցը չի փոխելու ստատուս-քվոն ոչ ռեգիոնալ համատեքստում, ոչ էլ` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Check Also

44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի

Ներկայումս Հայաստանը ևս կանգնած է աշխարհաքաղաքական ջրբաժանին: Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե …