Breaking News

2018-ի իշխանական «ռասկլադում» ինչ բաժանումներ են տեղի ունենում

armtimes-ը իր խմբագրականում անդրադարձել է վերջին շրջանում աղմուկ հանած հարկային տեռորին, դրա քաղաքական մասին ու դասադուլին, որը առաջին հայացքից պետք է սպառնալիք լիներ Վիգեն Սարգսյանի համար.
Եվ այսպես Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» եւ ՊԵԿ-ի միջեւ ծագած հակամարտությունը շատ տարօրինակ ընթացք ստացավ: Ամեն ինչ սկսվեց առեւտրականների անմեղ եւ անկեղծ բռնկումով, թե իրենց ուզում են ստիպել ավելորդ թղթաբանություն վարել, ավել հարկ վճարել: Առեւտրականները սպառնացին տարբեր բողոքի ակցիաներով, կառավարության, ԱԺ-ի դիմաց միտինգներով: Այդ ընթացքում Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ «Առինջ մոլի» տարածքում բարձրախոսով դիմեց դժգոհ աշխատողներին, ասաց, որ ամեն ինչ կկարգավորվի, իրենք պայմանավորվել են ՊԵԿ աշխատակիցների հետ համաձայնության գալ եւ այլն: Ծառուկյանի խոսքի իմաստն այն էր, որ եթե իրականում հարկայինն իր մոլի առեւտրականներին հանգիստ չթողնի, բողոքի լայնածավալ ակցիաներ են սպասվում: Սա, սակայն, չվախեցրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: Նրա աշխատողները նույն կերպ շարունակում էին անհանգստացնել «Առինջ մոլի» առեւտրականներին: Անգամ խոստացված ցույցերը որեւէ ազդեցություն չթողեցին, «Առինջ մոլի» տարածքում վրաերթի դեպքը ռեզոնանս չստացավ, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ վարչապետի դղյակի եւ գազի ոլորտի չարաշահումների միջեւ կապի մասին մերկացնող ելույթները նույնպես չստիպեցին ՊԵԿ-ին նահանջել: Ընդհակառակը, այդ ամենին ի պատասխան՝ կոմիտեն հրապարակեց «Առինջ մոլի» մուծած կասկածելիորեն ցածր հարկերը, որոնք էլ ավելի կասկածելի էին համանման այլ առեւտրի կենտրոնների վճարած խոշոր հարկերի համեմատության մեջ:

Ի՞նչ է կատարվում: Առաջին հայացքից զուտ տնտեսական բնույթի այս գործընթացները աներկբայորեն լուրջ քաղաքական հենք ունեն: Հայաստանում Գագիկ Ծառուկյանի մակարդակի գործարարի օբյեկտների հարկերի հետեւից կարող են ընկնել միայն մի դեպքում, եթե դրա համար կա քաղաքական անհրաժեշտություն: Ոչ վաղ անցյալի հայտնի իրադարձությունների ժամանակ էլ Սերժ Սարգսյանը հիշել էր օդում կախված լուրերը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների չարաշահումների մասին: Այն ժամանակ բանը չհասավ ստուգումներին, իսկ այս անգամ ամեն ինչ սկսվեց ստուգումներով: Սա չի նշանակում, իհարկե, որ Սերժ Սարգսյանը կրկին հիշողության թարմացումներ է ունեցել: 2015-ի փետրվարյան իրադարձություններն ու մեր օրերում կատարվողը անհամեմատելի են:

Հիմա հասկանալի չէ, թե Գագիկ Ծառուկյանի դիրքերի թուլացումն ում է ձեռնտու՝ Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին, կամ առհասարակ կատարվողը ում դիրքերն ավելի թուլացնելու պոտենցիալ ունի, Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի: Դժվար է կռահել, թե ով է հրահրում այս հակամարտությունը եւ ինչ նպատակով: Սա լեգիտիմ առիթ է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների համար քննադատության սլաքներ ուղղել Կարեն Կարապետյանի կառավարության ուղղությամբ: Բացի այդ, իշխանական քարոզչությունը պարբերաբար թափանցիկ ակնարկներ է անում, որ առեւտրականների այս առանձին բողոքը կարող է վերածվել Կարեն Կարապետյանի դեմ սոցիալական ընդվզման, որին, բնականաբար, կմիանան կառավարության շենքի մոտ պարբերաբար հավաքվող տաքսիստները, այլ բողոքավոր խմբեր եւ վերջին գնաճից, ԱԺ-ում այս օրերին քննարկվող անմխիթարական բյուջեի նախագծից բորբոքված հոծ զանգվածներ: Երբ տեղի ունեցածի ֆոնին նման հեռանկար է հրամցվում, հարց է առաջանում, դրանով փորձ է արվում հասկացնել ՊԵԿ-ին, որ կանգ առնելու ժամանա՞կն է, թե՞ Գագիկ Ծառուկյանին հուշել, որ կարելի է նաեւ այսքան հեռու հասնել: Ամեն դեպքում ակնհայտ է, ոչ «Առինջ մոլի» իրադարձությունները 2018-ին նոր կառավարության ձեւավորման խմորումների առումով կարեւոր են: Այն պարզապես օջախ է, որ կարող է պահպանվել այնքան ժամանակ, մինչեւ բռնկման անհրաժեշտություն առաջանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բռնկվելու պարագայում այն կարող է իր հետ սրբել- տանել, թե Կարեն Կարապետյանին, թե Գագիկ Ծառուկյանին, նայած թե որ պահին ոնց պետք կլինի:

Ամենահետաքրքիրն այն է, որ այս նույն օրերին հանրապետությունում եւս մեկ օջախ էր ձեւավորվել, որը կրկին հզոր բռնկման մեծ պոտենցիալ ուներ եւ կարող էր միանգամից մի քանի կարեւոր ֆիգուրների իր հետ սրբել, տանել: Խոսքը տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող երիտասարդների մասին է: Հանրապետականները այս բողոքի ակցիաների առիթով բոլոր զրույցներում հիշեցնում էին, որ տարկետման իրավունքի վերացումը չի ստացվել Վազգեն Սարգսյանի մոտ, Սերժ Սարգսյանի մոտ: Ասել է թե, սա այն թեման է, որին մոտ եկող ցանկացած Պնախարար իրեն ուղղակի հարվածի տակ էր դնելու: Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի Պնախարար եղած ժամանակ գուցե այդպես էր: Բայց դրանից հետո շատ բան է փոխվել: Հայաստանի հասարակությունը, դրա տարբեր շերտեր դարձել են մաքսիմալ կառավարելի: Ինչպես տեսանք, օրենքն ընդունվեց, իսկ Վիգեն Սարգսյանին ոչինչ չպատահեց:Կարող էր եւ պատահել, սակայն չպատահեց: Վճռական օրն, իհարկե, անցյալ ուրբաթն էր, երբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստը հետաձգվեց, ապա ժամեր անց արտահերթ նշանակվեց: Չենք կարող ասել՝ ինչ տեղի ունեցավ այդ երկու ժամվա ընթացքում, բայց որ դրանից հետո ե՛ւ օրենքն ընդունվեց, ե՛ւ դասադուլ-հացադուլները դադարեցին, փաստ է: Չափազանցած չենք լինի, եթե եզրակացնենք, որ այս ամբողջ պրոցեսը նույնպես կապ ուներ 2018-ին նոր կառավարության ձեւավորման հետ, ենթադրվում է, որ Վիգեն Սարգսյանը բեկումնային այդ երկու ժամերի ընթացքում կամ որեւէ դերակատարում է ստանձնել 2018-ի իշխանական «ռասկլադում», կամ որեւէ դերակատարումից հրաժարվել է:

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …