Breaking News

Աշխարհի Առաջին Նորաձևության Հյուրանոցը

Fashion TV-ն և Դուբայի Ալ Հաբթուր Գրուփ (Al Habtoor Group) ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Դուբայում կառուցել աշխարհի առաջին նորաձևության հյուրանոցը: Նորությունն այս շաբաթ Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ հայտարարել է Fashion TV-ի ներկայացուցիչը: Հյուրանոցը կլինի Դուբայի սրտում, սակայն հստակ տվյալներ վայրի և բացման ժամկետների մասին չի հայտարարվել: Հյուրանոցը կլինի Ալ Հաբթուր Գրուփ ընկերության սեփականությունը և կղեկավարվի վերջինիս կողմից:

Հյուրանոցը կունենա 30 հարկ և ամբողջ ճակատային մասով կտեղադրվի 100 մետրանոց LED էկրան, որը շուրջօրյա կհեռարձակի Fashion TV-ի վերջին հաղորդումներն ու նորությունները: Հյուրանոցի 200 սենյակները կլուսավորվեն նորագույն տեխնոլոգիաներով և հագեցած կլինեն ամենաժամանակակից տեսաձայնային համակարգերով: Հյուրերն իրենց սենյակներից կկարողանան դիտել Fashion TV-ի բոլոր 30 հեռուստաալիքները և օգտվել ամենամեծ նորաձևության DVD գրադարանից: Հյուրանոցում կլինեն նաև բազմազան ռեստորաններ, բարեր, հյուրասրահներ, գիշերային ակումբներ, սպա կենտրոններ և կինոթատրոններ:

Ալ Հաբթուր Գրուփ (Al Habtoor Group) ընկերության տնօրեն Մուհամեդ Ալ Հաբթուրի (Mohammed Al Habtoor) խոսքերով, նորաձևության հյուրանոցի կառուցումը սպասված ծրագիր է, որը հսկայական ազդեցություն կունենա Դուբայի հետագա զարգացման վրա՝ ապագայում վերածելով համաշխարհային նորաձևության մայրաքաղաքի: Անշուշտ, դրանից հետո քաղաքը երբեք նույնը չի լինի:

Սա միակ նորաձևության հյուրանոցը չի լինի: Հարցազրույցի ժամանակ Fashion TV-ն և Ալ Հաբթուր Գրուփ ընկերութան ներկայացուցիչները հայտարարել են, որ նախագծեր կան նույնատիպ հյուրանոցներ կառուցել համաշխարային նորաձևության այնպիսի կենտրոններում, ինչպիսինն են՝ Փարիզը, Շանհայը, Նյու Յորքը և Միլանը:

Ալ Հաբթուր Գրուփ (Al Habtoor Group) ընկերությունը աճել է Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացմանը զուգահեռ: Հայտնի լինելով որպես շինարարական ընկերություն՝ վերջինս համաշխարհային շուկայում ճանաչում է ստացել շնորհիվ տարբեր ոլորտներում ներգրավվածության, այդ թվում՝ հյուրանոցների կառուցման, ավտոմոբիլաշինության, կրթության, ապահովագրութաւն և տպագրության: Այս ընկերությունը կառուցել է Դուբայի միջազգային օդանավակայանը և Դուբայի հիվանդանոցը: Ալ Հաբթուր Գրուփ ընկերությունը նաև կառուցել է 321 մետր բարձրությամբ 7 աստղանի Բուրջ Ալ Արաբ (Burj Al Arab) և 26 հարկանի 600 սենյակներից բաղկացած Ջումեյրա Բիչ (Jumeirah Beach) հյուրանոցները:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …