Breaking News

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվեցին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և բուժաշխատողների դուստրերը

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և բուժաշխատողների երեխաներին առաջինը պատվաստեցին պապիլոմա վիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացի ավարտին պատվաստվեցին Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի և այլ բժիշկների դուստրերը:

«Մինչ այս բնակչության շրջանում ասեկոսեներ էին պտտվում, թե ես իմ աղջկան չեմ պատվաստի: Պատվաստման անվտանգությանն այնքան եմ վստահում, որ հրապարակավ ցույց տվեցի, որ իմ աղջիկը ևս պատվաստվում է»,- ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ թեև իր աղջիկն ավելի բարձր տարիքի է, սակայն այլ երկրների փորձը ցույց է տվել, որ կարելի է պատվաստել պապիլոմա վիրուսը չունեցող նաև 13 տարեկանից բարձր աղջիկների:

Պատվաստվեցին բազմաթիվ բուժաշխատողների աղջիկներ, նաև բուժաշխատողներ:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի դուստրը ևս պատվաստվողների շարքում էր:

«Ուզում ենք ցույց տալ, որ բժիշկներն առաջինն իրենց երեխաներին են պատվաստում, քանի որ կարծիքներ էին հնչել, թե մենք չենք պատվաստելու մեր երեխաներին: Մենք՝ բժիշկներս ավելի շատ ենք կարդում մասնագիտական գրականություն, և եթե «Գարդասիլը» վտանգավոր լիներ, ոչ մի մայր չէր պատվաստի իր երեխային: Ես ի սկզբանե սպասում էի, թե երբ է «Գարդասիլը» ներդրվելու նաև Հայաստանում, և շատ ուրախացա, որ այն համընկավ իմ աղջկա՝ Անիի 13 տարին լրանալու հետ»,- ասաց Մարությանն ու հավելեց՝ իր երեխային կպատվաստեր նաև վճարովի կարգով:

Մինչև կիրառելը «Գարդասիլ»-ը պահպանվել էր համապատասխան ջերմային միջավայրում:
Անհետաձգելի անաֆիլակտիկ ռեակցիաների դեպքերի ամար նախապատրաստել էին «Դեկսամետազոն», նաև անուշադրի սպիրտ` հավանական ուշաթափությունների համար, Պատվաստումներն իրականացրեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի բժիշկ-իմունոլոգ Սաթինե Պողոսյանը, մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …