Breaking News

Ե՞ՐԲ, ՈՐՏԵ՞Ղ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Լ. ՔԱԼԱՆԹԱՐԻ ԱնՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ

Դեռևս 1882թ Նոր Բայազետում գործել է ինքնագործ թատերասերների խումբ, որոնց ջանքերով բեմադրվել է առաջին թատերական ներկայացումը` Վասակ Մադաթյանի <<Կըրթ-կըրթ>> կատակերգությունը և տոմսերից ստացված շահույթը նվիրաբերվել է չքավոր աշակերտներին։ Խմբում ներգրավված են եղել Վաղինակ և Վարդուհի Դովլաթյանները, Ռուբեն և Աշխեն Ազարյանները, Հայկ և Թամո Չալդրանյանները, Գևորգ և Նազիկ Բաղդասարյանները, Սոս Խաչիկյանը, Արմենակ Ղազանչյանը, Մկրտիչ Այվազյանը և ուրիշներ։ Մինչ պետական թատրոնի ստեղծումը թատերասեր խումբը անցել է գյուղից-գյուղ, շրջանից-շրջան` բավարարելով թատերասեր հասարակության գեղագիտական պահանջները։

1935թ ապրիլին Նոր Բայազետի շրջանային գործադիր նախագահության որոշման համաձայն թատրոնն ստացել է պետական կարգավիճակ։ Առաջին բեմադրությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին` կիրակի օրը, քաղաքի ուսումնարանի շենքում։ Բեմադրվել է Րաֆֆու << Սամվել>> պատմական ողբերգությունը 5 գործողությամբ։ Երկար ժամանակ թատրոնը չի ունեցել մշտական շենք և իր գործունեությունը ծավալել է տարբեր տեղերում` կուլտուրայի տանը, այդ ժամանակվա մեծահարուստ և բարերար Կոլոտ Հայրապետի կառուցած դպրոցի շենքում, հետո երաժշտական ուսումնարանում։ 1959թ Կամոյի պետական թատրոնը կոչվում է նշանավոր ռեժիսոր, թատերագետ, Լևոն Քալանթարի անունով։ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է Տ. Ռումյանցևի <<Հանուն ազատության >> պիեսով։

1965թ պետական հովանավորության շնորհիվ ապրիլի 29-ին շահագործման է հանձնվել Կամոյի անվան միջշրջանային պետական թատրոնի հոյակապ շենքը` 550 տեղանոց դահլիճով։ Շենքը մարզի թատերասերներին ծառայել է մինչև 2011թ, որից հետո ելնելով շենքի վթարային վիճակից, այն քանդվել է և սկսվել է նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին պետական թատրոնի շենքի կառուցման հիմնարկեքը։ Մինչ շենքը կառուցվում էր, թատրոնը շարունակում էր գործել։

Եվ 2018թ նոյեմբերի 19-ին թատերասեր հասարակության առաջ իր դռները բացեց Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի հոյակապ շենքը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառուցված առաջին թատրոնը իր վարագույրը բացեց Օսկար Ուայլդի <<Սալոմե>> դրամայով /գլխ. ռեժիսոր Ա. Սաֆարյան/։ Շուրջ 135 տարվա պատմություն ունեցող թատրոնի պատմության մեջ իրենց ձեռագիրն են թողել ժողովրդական արտիստներ` Գևորգ Հակոբյանը, Վարդուշ Թամրազյանը, Արփիկ Ղազազյանը։ Վաստակավոր արտիստներ` Ա. Մովսիսյանը, Ս. Խորենյանը, Շ. Դանիելյանը, Ա. Մուրադյանը, Կ. Մեսրոպյանը, Բ. Մնեյանը, Վ. Առաքելյանը, Է. Հովհաննիսյանը։ Արտիստներ` Հ. Գալստյանը, Գ. Գրիգորյանը, Գ. Թումոյանը, Ռ. Գրիգորյանը, Ս. Սահակյանը, Ք. Թումոյանը, Ռ. Օյնոյանը, Լ. Ժամկոչյանը, Ա. Դարբինյանը, Ա. Ասատրյանը, Մարտուն Ղևոնդյանը, Սեդա Թովմասյանը, Ալվարդ Ստեփանյանը և ուրիշներ։ Ռեժիսորներ` Հ. Մանվելյանը, Աշմաթը, Լ. Մարտիրոսյանը, Ա. Խոսրովը, Գ, Կարապետյանը, Ռ. Արմենյանը, Ռ. Սարգսյանը, Կ. Գևորգյանը, Գ. Արզումանյանը, Մ. Ասլանյանը, Հ. Մնացականյանը, Մ. Կոտոյանը, Գ. Պողոսյանը և ուրիշներ։ Տարբեր ժամանակներում թատրոնի բեմադրություններում հանդես են եկել հայ բեմի մեծանուն դերասաններ` Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Բաբկեն Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Կարպ Խաչվանքյանը և ուրիշներ։ Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել են համաշխարհային հեղինակների գործեր, զգալի տեղ հատկացնելով ազգային դրամատուրգիային` Գ. Սունդուկյան <<Խաթաբալա>>, <<Քանդած օջախ>> Ալ. Շիրվանզադե <<Պատվի համար>> Հ. Պարոնյան <<Պաղտասար Աղբար>>, <<Ատամնաբույժն արևելյան>> Լ. Միքայելյան <<Վարազդատ>> Մուրացան <<Ռուզան>> Գ.Սարգսյան <<Հավերժական սիրո գաղտնիքը>> Գ. Գևորգյան <<Անուշ մայրիկ>> Ա. Օստրովսկի <<Անմեղ մեղավորները>> Հ. Մաթևոսյան <<Աշնան արև>> Մոլիեր << Ակամա բժիշկ>> Ա. Այվազյան <<Աչքը ծոծրակին>> Օ. Ուայլդ <<Սալոմե>> Մուշեղ Իշխան <<Կիլիկիո արքա>> և բազմաթիվ այլ ներկայացումներ։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …