Breaking News

Դասվարը 1-ին դասարանի աշակերտի ականջը քաշել է և ապտակել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1-ին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

«Armtimes.com» տեղեկատվական հարթակում տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, որ Լոռու մարզում «2-րդ դասարանցուն հարվածել է դասվարը, գոռացել, երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը»։ Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվել՝ պարզելու հոդվածում մատնանշված հանգամանքները, որի արդյունքում պարզվել է, որ բռնության ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարում:

Նախնական տվյալներով՝ գրավոր հանձնարարությունը ոչ բավարար չափով կատարելու պատճառով 2017 թվականի փետրվարին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի դասվարը բռնություն է գործադրել 1-ին դասարանի աշակերտի նկատմամբ, այն է՝ քաշել է երեխայի ականջը, ապա՝ ապտակել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …