Breaking News

Շիրակի պետհամալսարանից 7 ուսանող ռեկտորի մեղավորությամբ դուրս են մնացել. Գագիկ Համբարյան

Սկանդալային և անտրամաբանական իրադարձությունները շարունակում են ցնցել Շիրակի Մայր բուհը…Ուսումնական գործընթացից երեք ամիս անց ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի միանձնյա որոշմամբ նոյեմբերի 29-ին բուհից վտարվել են յոթ ուսանող՝բոլորն էլ նախազորակոչային պատրաստություն բաժնից…Այդ ուսանողներն են՝ ՆԶՊ 2-րդից 3-րդ կուրս փոխադրված Ուստյան Զավենը,Ղզրոյան Նարեկը, Ալեյան Սեյրանը,Բարսեղյան Հայկը, Մկրտչյան Դավիթը և ՆԶՊ 1-ինից 2-րդ կուրս փոխադրված Բերնեցյան Խաչատուրը և Գասպարյան Վաղարշակը…
Նախ նշեմ,որ ՆԶՊ-ն լինելով թողարկող ամբիոն որևէ ֆակուլտետի մեջ մտած չէ,որը կոպտորեն խախտում է ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքը և ռեկտորի թեթև ձեռամբ նա է համարվում այդ բաժնի դեկանը…Այսինքն` Սահակ Մինասյանը ոչ միայն ՇՊՀ-ի ռեկտորն է,այլև ՆԶՊ-ի դեկանը… Երբ մայիս ամսին կառուցվածքային վայ-բարեփոխումներ էր անում բարեփոխիչ ռեկտորը, նրա հիմնական անձնական ցանկություններից մեկը նախազորակոչային բաժինը գործող ֆակուլտետի կազմից առանձնացնելն էր: Հետևանքը երկար սպասեցնել չտվեց… Բուհից դուրս մնացած որոշ ուսանողների հետ զրույցից պարզեցի,որ նրանք ունեցել են ակադեմիական պարտք “հոգեբանություն” առարկայից, սակայն հնարավորություն չեն ունեցել այն վերահանձնել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լուծարման ընթացքում…Ռեկտոր-դեկանը կամ համալսարանի վարչական այլ պատասխանատու նրանց չի իրազեկել, որ ենթակա են հեռացման, առավել ևս, նրանց համար չեն կազմակերպվել 1-ին և 2-րդ լուծարքները… Այսինքն` ռեկտոր-դեկանը կոպտորեն խախտել է 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի մասին օրենքը՝ ըստ որի,ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը…Սակայն վտարված ուսանողները զրկված են եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները նրանց համար չեն կազմակերպվել առհասարակ…
Ավելին, այդ յոթ ուսանողներն էլ սեպտեմբերի 20-ին ստացել են փոխադրականներ և տեղափոխվել են համապատասխանաբար 3-րդ և 2-դ կուրս…Շատերը նաև վարձավճարն են մուծել…
Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձևավորել և վտարված ուսանողներից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: Սույն կարգի 2.13 կետով Բուհից հեռացման հրամանները տրվում է քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Այսինքն` ըստ կարգի ուսանողը իր վտարման մասին պետք է տեղեկանար սեպտեմբերի 20-ից ոչ ուշ…Սակայն ՇՊՀ ռեկտորն,ով աչքի է ընկնում իր կամայականություններով և բուհի նկատմամբ գործած բազմաթիվ հանցագործություններով,ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին նախ տվել է հաջորդ կուրս փոխադրվելու իրավունք,ապօրինաբար որոշներից վարձավճար է գանձել` կոպտորեն խախտելով օրենքը,սեպտեմբերի 20-ից երկու ամիս և մեկ շաբաթ անց միայն տեղեկացրել է ուսանողներին,որ նրանք վտարված են բուհից…Հետաքրքիր է,ԿԳ նախարարությունում տեղյակ են,թե այս օրերին ինչ է կատարվում ՇՊՀ-ում…
Ռեկտորի կողմից յոթ ուսանողների վտարումը հակաօրինական է…Ռեկտոր Մինասյանը հիմա կփորձի չքմեղանալ,կամ այս ամենում կմեղադրի ինչ-որ մեկին,կամ էլ կհայտարարի,որ տեղի է ունեցել թյուրիմացություն և ակադեմիական պարտք ունեցող ուսանողները սխալմամբ տեղափոխվել են հաջորդ կուրս…Ինչ էլ ասի կամ պատճառաբանի ռեկտոր Մինասյանը,նա էլ շատ լավ գիտի,որ գործել է հանցանք և առավել ևս իր “թյուրիմացությունների” պատճառով ուսանողները չպետք է տուժեն…
Հավելեմ,որ ըստ վտարված ուսանողների,նրանք բազմիցս բարձրաձայնել են,որ “հոգեբանություն” առարկայից պարտք ունեն,մոտեցել են համապատասխան ամբիոն,որտեղ նրանց ասել են,որ դասավանդող դասախոսը հիվանդ է և աշխատանքի չի գալիս…Իրոք,այդ դասախոսը 2 ամիս բացակայել է…
Բոլոր նորմալ բուհերում,եթե դասախոսը երկարատև բացակայում է,ապա նրան փոխարինում է այլ դասախոս…Սակայն դա վերաբերում է նորմալ բուհերին… Իսկ Շիրակի պետհամալսարանը արդեն երկու տարի դարձել է “կրթական գործի Կոլումբոս” Սահակ Մինասյանի “լաբորատոր առնետը”…Ինչ փորձարկումներ ասես չի անում բուհի,այսինքն` պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության վրա,որոնց մեծ մասն ուղղակի մահացու է բարձրագույն կրթության համար…
Յոթ ուսանողների դուրս մնալը ՇՊՀ-ից նաև բացահայտեց այն փաստը,որ շատ բաժիններում իրավիճակը բարձիթողի է…Ինչպես ասում են գյումրեցիները՝”Շունը տիրոջը չի ճանաչում…”
Հ.Գ.Հետաքրքիր է,ԿԳ նախարարությունը արձագանքելու՞ է ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի այս հանցագործությանը, թե Լևոն Մկրտչյանը սա էլ “թերություն” կանվանի ու կասի` կեցցե՛ կոռուպցիայի դեմ պայքարող Սահակ Մինասյանը…

Գագիկ  Համբարյան

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …