Breaking News

«ՀԺ». Պապ, մեզ ստեղ ծեծում են. Իջեւանի քրեականի պետը բաժնում խոշտանգել է 19-ամյա տղային

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում 19-ամյա երիտասարդ է ծեծի ենթարկվել:

19-ամյա տղային ծեծի է ենթարկել Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, կոչումով մայոր Գերասիմ Մարդանյանը: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում պատմեց ծեծի ենթարկված տղայի մայրը՝ տիկին Գրետան:

Նրա պատմելով հոկտեմբերի 4-ին որդին՝ Վահրամ Սիմոնյանը հարեւանի հետ գնում է տան համար վառելափայտ բերելու, սակայն մեքենան անսարք լինելու պատճառով փայտը դատարկում են անտառում եւ ետ վերադառնում: Ճանապարհին նրանց փորձում է կանգնեցնել մի «Մերսեդես» մակնիշի մեքենա:

«Որդիս չի իմացել, թե ովքեր են փորձում իրեն կանգնեցնել, չի կանգնել: Հասել է մեր տան բակ, նրա հետեւից մինչեւ բակ եկել է այդ մեքենան, որի միջից իջել են մարդիկ, ովքեր ներկայացել են որպես բաժնի աշխատողներ:

Որդիս ասել է, որ ինքը չէր կարող իմանալ, որ իրեն կանգնեցնողները ոստիկաններ են, քանի որ մեքենան ոստիկանական չէ: Այնուհետեւ պայմանավորվել են գնալ բաժին, միջնեկ որդուս հետ բաժին են գնացել նաեւ փոքր որդիս՝ Ժորա Սիմոնյանը, եւ ամուսինս:

Բաժնում որպես կասկածյալ են համարել Ժորային (ապօրինի ծառահատում կատարելու-խմբ.), ապա բարձրացրել 3-րդ հարկ եւ սենյակներից մեկում քրեականի պետ Գարիկ (Գերասիմ) Մարդանյան կոչեցյալը երեխային կասկածյալ համարելուց հետո հայհոյել է, ապտակել, ոտքով փորին, ոտքերին հարվածել: Որդիս՝ Ժորան մեկ տարի առաջ լեղապարկի վիրահատության է ենթարկվել, հարվածներից հետո սուր ցավեր է ունենում: Գարիկ Մարդանյանի կողմից ծեծը փորձել է կանխել իր գործընկերներից մեկը, սակայն ապարդյուն: Ծեծից հետո, երբ որդիս սենյակում մենակ է մնացել, զանգահարել է այդ պահին բաժնի դռան մոտ գտնվող ամուսնուս եւ ասել՝ պապ մեզ ստեղ ծեծում են:

Միջնեկ որդիս այլ սենյակում է եղել: Ամուսինս հենց շենքի բակում հանդիպել է Մարդանյանին ու հարցրել ինչո՞ւ ես ծեծել իմ երեխային, ի պատասխան Մարդանյանն ասել է, թե լավ եմ արել, գնա որտեղ ուզում ես բողոքի, ի վնաս ձեզ: Դրանից հետո ամուսինս զանգահարել է 1-02, հաղորդում տվել տեղի ունեցածի մասին, հետագայում գործով զբաղվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Գործը քննող քննիչով մենք հիացած ենք»,- մանրամասներ ներկայացրեց 19-ամյա տղայի մայրը:

Նրա խոսքով՝ ոստիկանության բաժնից տուն վերադառնալիս Ժորա Սիմոնյանի մոտ ցավեր են սկսվում, անմիջապես տեղափոխում են Իջեւանի հիվանդանոց. «Քանի որ մեկ տարվա վիրահատված էր, սկսեցինք անհանգստանալ՝ մտածելով, որ հարվածներից վնասվել է վիրահատված տեղը: Հիվանդանոցում հետազոտություններ արվեցին, պարզվեց, որ մկանային սուր ցավեր է: Վնասվածքները հերթապահ բժիշկները արձանագրեցին»,- ասաց տիկին Գրետան: Նա նշեց, որ արդեն իսկ հիվանդանոցում մայորի բարեկամները միջնորդի կարգով զանգահարել են ամուսնուն, եւ խնդրել գործը փակել, չբողոքել:

Դեպքից հետո ծնողները եկել են Երեւան՝ հանդիպելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, նրանց, սակայն ընդունել է ոստիկանության աշխատակիցներից մեկը եւ խոստացել, որ գործը փակուղի չի մտնի:

Տեղեկացանք, որ կոչումով մայոր Գերասիմ (հայտնի է Գարիկ անունով) Մարդանյանը բնակվում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղում: 5-6 տարի է աշխատում է ոստիկանական համակարգում:

Դեպքի վերաբերյալ երեկ հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2017 թվականի հոկտեմբերի 4-ին խոշտանգել է Տավուշի մարզի բնակիչ Ժորա Սիմոնյանին»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …