Breaking News

Գամալեայի անվան կենտրոնը «Սպուտնիկ-V»-ն մոդիֆիկացրել է Քովիդ-19-ի «դելտա» շտամի ներքո

ՌԴ Առողջապահության նախարարության Գամալեայի անվան կենտրոնում մշակվել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի՝ հատուկ Քովիդ-19-ի «Դելտա» շտամի դեմ պայքարող տարբերակը:

Այս մասին Ինտեֆաքսին տեղեկացրել է կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը:

«Սառնարանում արդեն պատրաստված է պատվաստանյութի կոնստրուկցիան»,- ասել է գիտնականը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ այժմ դեռ վաղ է խոսել այդպիսի պատվաստանյութի արդյունավետության մասին:

Գինցբուրգն ասել է, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում Քովիդից մահացածության բարձր թվերը կապված են «դելտա» շտամի հետ, նշել, որ ապագայում հնարավոր են նոր մուտացիաներ, բայց արդյո՞ք դրանք ավելի վտանգավոր կլինեն, քան «դելտան», դժվար է ասել:

«Նրանց մոտ, ովքեր պատվաստված չեն, ինֆեկցիոն պրոցեսն ընթանում է ոչ թե 2-3 շաբաթվա ընթացքում, այլ 4-5 օրվա: Իսկ մեր իմունային համակարգը հակամարմիններ արտադրում է 10-12-14 օրվա ընթացքում: Կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում օրգանիզմը հասցնում է հակամարմիններ արտադրել, և բացի դրանից էլ հանճարեղ ռեանիմատոլոգներն էին օգնում հիվանդներին դիմանալ, մինչ իմունային համակարգը կսկսեր աշխատել: «Դելտայի» դեպքում նրանք չեն հասցնում»,- ասել է Գինցբուրգը:

Ավելի վաղ ՌԴ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Ստարոդուբովը, ով համակարգում է բժշկությունը, Ինտերֆաքսին հայտարարել էր, որ Քովիդ-19-ի՝ գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերը պակաս արդյունավետ են «հնդկական» կամ «դելտա» շտամի դեմ, սակայն դեռ նոր պրեպարատների անհրաժեշտություն չկա:

«Գենետիկները հետևում են շտամի մոդիֆիկացիաների փոփոխություններին, և եթե պետք լինի, նրանք կարող են նոր պատվաստանյութեր ստեղծելու հարցը դնել: Առայժմ այն պատվաստանյութերը, որոնք գոյություն ունեն, փակում են մեր խնդիրները»,- ասել էր նա:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն օգոստոսի 11-ին տեղեկացրել էր, որ «դելտա» շտամի դեմ «Սպուտնիկ-V»-ի արդյունավետությունը կազմում է 83%, և այն ավելի քան 95 %-ով պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից:

Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի հաղորդագրության մեջ նշվում էր, որ այդ ցուցանիշներն ավելի բարձր են, քան Pfizer-ի, որը որոշ տվյալներով գնահատվում է 42 %, և Moderna-ի արդյունավետությունը, որն էլ իր հերթին «դելտա» շտամի դեմ պայքարում է մոտ 76%-ով:

Հիշեցնենք, որ Գամալեայի կենտրոնում ստեղծված «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ՌԴ-ում զանգվածային պատվաստումների համար նախատեսված հիմնական պրեպարատն է:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …