Breaking News

Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի

Սանկտ Պետերբուրգի սոցիալական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ելենա Ֆիդրիկովան հուշամեդալ է հանձնել Հրաչյա Միսակի Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի ղեկավար Հրաչյա Պողոսյանին։ Պարգևատրումը տեղի է ունեցել քաղաքային հասարակական կազմակերպությունների ակտիվիստների հետ ամենամսյա հանդիպման շրջանակում։ Մինչ օրս Հրաչյա Պողոսյանը` որպես մասնավոր անձ և բարեգործական հիմնադրամի ղեկավար, հիմնել և վերականգնել է մշակութային, հոգևոր և պատմական նշանակության ավելի քան 250 օբյեկտ։

Նա Սանկտ-Պետերբուրգի «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ է, Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի պատերազմի և զինվորական ծառայության խորհրդի, աշխատանքի ու պատերազմի վետերանների Լենինգրադի մարզային հասարակական կազմակերպության պատվավոր անդամ:

Սակայն, բարերարի և վետերանների բարեկամությունն սկսվել է 90-ականների վերջերից։ Նա վետերաններին բազմիցս ուղարկում էր առողջարաններ, կազմակերպում էր տոնական ընթրիքներ և երեկոներ։

Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ նա իր խնամքի տակ էր վերցրել մոտ 70 տարեցների։ Տասնմեկ հասարակական կազմակերպություններ բարեգործական հիմնադրամին տրամադրել են պետերբուրգցիների ցուցակներ, որոնք հատուկ աջակցության կարիք ունեն։ Դրանցից են՝ Լենինգրադի ռազմական շրջանի շինարարական տնօրինության, պատերազմի և աշխատանքի վետերանների խորհուրդը, Սանկտ-Պետերբուրգի սուզանավերի և նավատորմի վետերանների ակումբի խորհուրդը, Սանկտ-Պետերբուրգի պատերազմի վետերանների (հաշմանդամներ, թոշակառուներ) հասարակական կազմակերպության տեղական մասնաճյուղը, Զինված ուժեր և «Ֆրունզենսկոե» իրավապահ մարմիններ, սանկտպետերբուրգյան «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» կազմակերպությունը և այլն։

2019 թվականի ապրիլ և մայիս ամսիներին, ինչպես նաև դրանից հետո պարբերաբար հիմնադրամի ներկայացուցիչները թոշակառուներին սնունդ ու հիգիենայի պարագաներ են տարել։ Հրաչյա Պողոսյանը պարբերաբար օգնություն է ցուցաբերում պաշարված Լենինգրադի բնակիչներին ոչ միայն Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի շրջանում, այլև այլ քաղաքներում և երկրներում:

Բարերարը բազմիցս ֆինանսավորել է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով պարգեւատրված զինվորների աճյունների վերադարձը հայրենիք։ Հիշատակի նման միջոցառումներ տեղի են ունեցել Ղազախստանի Սեմեյ և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ռուսաստանում՝ Օմսկ, Պրոխլադնի քաղաքներում և Կեսովա Գորա գյուղում։

– Ինձ համար մեծ պատիվ է, որ Ամանորի շեմին հուշամեդալ ստացա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի։ Եվ այսօր նման բարձր գնահատականը մեծ ուրախություն է պատճառել ինձ և մեր հիմնադրամի բոլոր աշխատակիցներին,- իր տպավորություններով է կիսվել բարերար Հրաչյա Պողոսյանը։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …