Breaking News

Գագիկ Ծառուկյանի զորամասի ճակատագիրը

Բոլորովին վերջերս Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր կարևոր որոշման մասին` հանուն Արցախի և նրա անվտանգության, Արցախում կառուցել զորամաս. «Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը:

Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաև այդ զորամասի մշտական ջրամատակարարումը: Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի՝ անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության և անվտանգության համար»:

Առաջին հայացքից իսկապես հայրենանվեր ու մեծ գործ է նախաձեռնել Հայաստանի խոշոր օլիգարխներից մեկը հանուն Արցախի անվտանգության: Արցախի թիվ մեկ անվտանգության երաշխավորը մարտունակ ու համալրված բանակն է: Մարտունակ լինելու առումով մեր բանակը իսկապես անգերազանցելի է, մինչդեռ համալրման առումով բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք ուղիղ համեմատական կապ ունեն ամեն օր ահագնացող արտագաղթի հետ:

Ըստ ԿԳՆ տվյալների 2012-ին ՀՀ ավագ դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 36.659, 2017-ին 20000, այսինքն միայն վերջին հինգ տարում 16 հազար 659-ով պակաս շրջանավարտ ենք ունեցել:  Իսկ բանակը համալրվում է հենց այդ շրջանավարտներով: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ շրջանավարտների մեջ կան պաշտոնյանների զավակներ, որոնք սահուն կերպով խուսափում են բանակից, ստացվում է, որ բանակի համալրումը առաջնահերթ խնդիր է, քան զորամասի կառուցումը:

Բոլորովին վերջերս երբ զրուցում էինք Արցախի նախկին մի զինվորականի հետ, վերջինս ճիշտ նույն մտահոգությունը արտահայտեց, ասելով. «Դատարկ զորամաս մեր ինչին է պետք, համալրման հարց պետք է լուծել»: Իսկ համալրման հարցերը կարելի է լուծել բացառապես կտրուկ գործողություններով` այն է, հնարավոր բոլոր միջոցներով հետ բերել նախկինում և այսօր պետական բյուջեից թալանված ու թալանվող բոլոր գումարները, դրանով բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը` խրախուսելով ներգաղթը:

Այլապես ոչ մի նորաոճ զորամաս անվտանգություն չի ապահովի, եթե այն դատարկ է: Ուստի Ծառուկյանի զորամասի ճակատագիրը կարող է նմանվել բազմաթիվ նորաոճ կառույցների ճակատագրին, որոնք այսօր դատարկ են ու լքված:

Armlife.am

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …