Breaking News

Նապոլեոն Բոնապարտի՝ Հայաստանում պահվող նամակի մասին

Պատմությունն ու անցյալն աշխարհին տվել է մեծ թվով թագավորներ, զորավարներ ու կայսրեր, ովքեր իրենց կատարած բացառիկ աշխատանքով ու նվաճումներով՝ մինչ օրս շարունակում են մնալ մեծ, երբեմն՝ նաև անգերազանցելի։ Այդ փառավոր մատյանում իր անունը ոսկե տառերով գրեց Նապոլեոն 1-ին Բոնապարտը։ Նա կարողացավ ստեղծել հզոր կայսրություն, դնել ներկայիս Ֆրանսիայի հիմքերը։ Թերթելով Նապոլեոն Բոնապարտի կյանքի ու կենսագրության էջերը՝ հանդիպում ենք շատ տխուր, դրամատիկ ու ողբերգական էջերի։ Նա ապրել է ծայրահեղ ծանր վիճակում։ Օրվա մեջ սնվում էր միայն մեկ անգամ։ Սիրում էր մաթեմատիկա ու մեծ հաջողությունների հասավ այդ առարկայից, սակայն դրան զուգահեռ՝ դժվարանում ու չէր սիրում հումանիտար առարկաները։ Նապոլեոնի մասին կարելի է խոսել անվերջ, ու այդ անվերջ ձգվող պատմությունները հետաքրքիր են ու ուսուցողական։ Սակայն նրա կյանքի ամենադրամատիկ ու ողբերգական դրվագը 1814 թվականի հրաժարականն էր, թույնի միջոցով ինքնասպանության փորձն ու աքսորը։

Այս պատմությունների կողքին քիչ չեն նաև հայերի ու Նապոլեոնի կապի մասին տեղեկությունները։ Մասնավորապես, 1810 թվականին Նապոլեոնի անձնական հրամանով է, որ Իտալիայի ափերին հաստատված Մխիթարյան միաբանության հայրերը ստանում են արտոնություն։ Այդ շրջանում Իտալիայում փակվում են գործող կրոնական միաբանությունները, սակայն Սուրբ Ղազար կղզում հաստատված Մխիթարյան հայրերը մնում են իրենց նույն կարգավիճակով, քանի որ Նապոլեոնը ծանոթանալով Մխիթարյանների գործունեությանը՝ հասկանում է, որ այն առավել գիտական կազմակերպություն է, քան՝ կրոնական։ Եվ, դրանից զատ, Մխիթարյան հայրերն իրենց գործունեությամբ չունեին ինչ-որ շահ։ Մեծն կայսրի ու հայերի միջև կա ևս մեկ կապ, որ քչերին է հայտնի։

Նապոլեոնի հրաժարականի փաստաթուղթը պահվում է Երևանում։ Որքան էլ առասպելական ու միֆային է թվում, թե ինչպես կարող էր այդ փաստաթուղթը հասնել Երևան, սակայն փաստը մնում է փաստ։ Այդ փաստաթուղթը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում։ Հրաժարականի փաստաթղթի մասին շատ տեղեկություններ չկան, սակայն դա մանրամասն ուսումնասիրել ու դրան անդրադարձել է բանասեր, հայագետ Արծվի Բախչինյանն իր «Նապոլեոն Բոնապարտը և հայերը» գրքում, որտեղից էլ իմանում ենք, թե ինչ է գրված հրաժարականի նամակում, ու ինչպես է այն հասել Երևան։ Հրաժարականի նամակում գրված է․

«Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտ, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որ ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»։ (Արծվի Բախչինյան,  «Նապոլեոն Բոնապարտը և հայերը», Երևան 2003, էջ 100)։

Նամակը Երևանի գրականության ու արվեստի թանգարանին է հանձնել հայազգի երաժշտագետ Վասիլի Կորգանովը՝ 1930 թվականին։ Այս նամակից զատ, նա հավաքել ու գնել է հայտնի մարդկանց նամակներն ու փաստաթղթերը։

Նույն թանգարանում է պահվում նաև Մոցարտի հայտնի նամակը, որին առաջիկայում նույնպես կանդրադառնանք։ Սակայն հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այն հասել Հայաստան։ Այդ մասին նույնպես իմանում ենք Ա․Բախչինյանի գրքից։

«Վասիլի Դավիդովիչ Կորգանովի վկայությամբ՝ Նապոլեոն Ա-ի գահից հրաժարվելու մասին վավերագիր սևագրությունը Նիկոլայ Ա-ի անձնական արխիվից անցել է վերջինիս համհարզ, գեներալ-համհարզ Աստաֆևին, որի մահից հետո փաստաթուղթն անցել է նրա որդուն՝ գեներալական շտաբի գեներալ Աստաֆևին, իսկ վերջինիցս էլ իր որդուն՝ սնանկացած ազնվական Աստաֆևին։ Ազնվական Աստաֆևը Թիֆլիսում փաստաթուղթն առաջարկել է գնել գրասեր իշխան Արգուտինսկուն։ Վերջինս այն ուղարկել է ՎԴ․ Կորգանովին, որն այն ժամանակ Փարիզում, Բեռլինում, Լայպցիգում, Մոսկվայում և Պետերբուրգում հայտնի էր՝ որպես ձեռագրեր հավաքող»։ (Արծվի Բախչինյան, «Նապոլեոն Բոնապարտը և հայերը», Երևան 2003, էջ 104)։

Պետք է ընդգծել նաև, որ վերոնշյալ նամակը Նապոլեոնի իրական նամակի կրկնօրինակն է, և քանի որ առաջին՝ օրիգինալ տարբերակը չկա, ստացվում է, որ այն աշխարհում միակն է ու պահվում է Հայաստանում։ Երբեմն ֆրանսիացի զբոսաշրջիկներն իրենք էլ են զարմանում, որ Հայաստանում կարելի է տեսնել պատմական տեսանկյունից իրենց հետ կապված նմանատիպ թանկ փաստաթուղթ։ Մասնավորապես, սա նման է Գյումրիում գտնվող Սերգեյ Մերկուրովի թանգարանին, որտեղ պահված են ռուս մեծ գրողների, քաղաքական ու արվեստի գործիչների մահվան դիմակների օրիգինալ տարբերակները։ Սակայն հայ հասարակությանն այդ փաստաթուղթը, թանգարանն ու պատմությունն այդքան էլ հետաքրքիր չէ։

Քանի որ մեր օրերում գիտությունն ու կրթությունն ընկել են վերջին պլան։ Հայ երիտասարդն իր աչքի առաջ ունի հաջողության հասնելու պարզ օրինակներ։ Եվ այդ օրինակները կերտած մարդիկ բնավ էլ աչքի չեն ընկնում իրենց գիտելիքներով։ Իսկ մյուս կողմից՝ պետք է հիշել անցյալում մնացած մեծերին, ովքեր զորավար, դերասան, գրող կամ թագավոր լինելուց զատ՝ նաև աշակերտներ էին։ Նրանք ամբողջ կյանքում սովորում էին, գրում, ջնջում, արարում, ստեղծում ու ապրում։ Թերևս, պետք է շատ արժեքներ փնտրել ու գտնել անցյալում։ Չէ՞ որ կյանքն ու աշխարհը շրջապտույտ է, որն ունենում է հավիտենական վերադարձ։

168.am

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …