Breaking News

Ընկուզեղենի կանոնավոր օգտագործումը գիտնականներն անվանել են կյանքը երկարացնող սննդամթերք

Հարվարդի հանրային առողջության դպրոցի գիտնականները ցույց են տվել, որ ընկուզեղենի կանոնավոր օգտագործումն օգնում է պահպանել առողջ քաշը և նվազեցնել քաղցկեղի և սրտի հիվանդությունների հավանականությունը, հաղորդում է Express պարբերականը:

Սննդաբանները մի շարք հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ ընկույզներն առողջարար սննդամթերք են, որ կարող են երկարացնել կյանքը:

Մասնագետները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր օգտագործում են այս սննդամթերքը, 20 տոկոսով նվազում է վաղաժամ մահվան հավանականությունը:

Սննդաբանության պրոֆեսոր Ֆրենկ Հուն ընդգծել է, որ ընկուզեղենի սիրահարներն ավելի երկար և առողջ են ապրում, քան նրանք, ովքեր հանել են դրանք սննդակարգից: Ամերիկացի փորձագետները հիշեցրել են, որ ընկույզը պարունակում է օգտակար չհագեցած ճարպեր, վիտամիններ, հանքանյութեր և ֆոտոքիմիական նյութեր: Բացի այդ, այս սննդամթերքն ունի «սրտապաշտպան, հակաքաղցկեղածին, հակաբորբոքային և հակաօքսիդիչ հատկություններ»:

«Ընկուզեղենը հարուստ է սպիտակուցներով և բջջանյութով, որոնք հետաձգում են սննդանյութերի յուրացումը և պակասեցնում քաղցի զգացողությունը», – հավելել է Հուն:

Ընկուզեղենի ևս մեկ օգտակար հատկությունն այն է, որ համաձայն այս և այլ հետազոտությունների՝ ընկույզ ուտողների մոտ քաշ հավաքելու հավանականությունն ավելի քիչ է:

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …