Breaking News

Viber-ի գաղտնի 7 գործառույթ՝ լրացուցիչ անվտանգության համար

Անհետացող հաղորդագրություններ, թաքնված զրույցներ, նամակագրության հարցումներ և այլն։ Ստորև ներկայացնում ենք Viber մեսենջերի գործառույթները, որոնք նախատեսված են օգտատերերի, նրանց նամակագրության և անձնական տվյալների հետագա պաշտպանության համար: Քչերը գիտեն անվտանգության լրացուցիչ գործառույթների մասին։

Viber-ը հատուկ ուշադրություն է դարձնում տվյալների գաղտնիությանը և օգտատերերի անվտանգ հաղորդակցությանը: Մեսենջերի բոլոր զրույցները լռելյայն պաշտպանված են վերջից վերջ (End-to-end) կոդավորմամբ, Viber-ը չի պահում հաղորդագրությունները սերվերներում և օգտագործում է միայն ապահով HTTPS կապ: Այս տարի Viber-ը ճանաչվեց երեք ամենաապահով մեսենջերներից մեկը: Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որքան բարձր գաղտնիության մակարդակն է ապահովում մեսենջերը, սոցիալական ինժեներական գործիքների կիրառմամբ բազմաթիվ խարդախություններ են գրանցվում։

Փորձագետների կարծիքով, մեսենջերի նամակագրությանը հասանելիություն ստանալու ամենատարածված եղանակը բջջային սարքերի կամ համակարգիչների ապաբլոկավորումն է։ Ռիսկերը մեղմելու համար, բացի անվտանգության հնարավորություններից, որոնք լռելյայն ներառված են մեսենջերում, Viber-ն ունի լրացուցիչ հնարավորություններ՝ կապի էլ ավելի գաղտնիության ապահովման համար.

• Անձնական և խմբային զրույցներում անհետացող հաղորդագրություններ: Վերջերս մեծ պահանջարկ ունեցող «անհետացող հաղորդագրություններ» տարբերակը հասանելի է դարձել ոչ միայն մասնավոր, այլև խմբային զրույցներում: Գործառույթը թույլ է տալիս ընտրված հաղորդագրության համար ինքնաոչնչացման ժամաչափ սահմանել, և նշանակված ժամին ուղարկված բովանդակությունը կվերանա: «Գաղտնի» ռեժիմում կարող եք ուղարկել հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ տեսակի ֆայլեր և ժամաչափը սահմանել 10 վայրկյան, րոպե, ժամ կամ օր: Հաղորդագրությունը ջնջելու ժամանակի ավտոմատ հետհաշվարկը կսկսվի ստացողի կողմից այն տեսնելուց անմիջապես հետո: Հատկանշական է, որ եթե ձեր զրուցակիցը կամ խմբային զրույցի մասնակիցներից որևէ մեկը հաղորդագրության սքրինշոթ անի, Viber-ը ձեզ կտեղեկացնի այդ մասին:
Այս գործառույթն ակտիվացնելու համար բացեք ցանկալի զրուցը, սեղմեք ներքևի վահանակի վայրկյանաչափի պատկերակին և ընտրեք հաղորդագրության «կյանքի տևողությունը»:

• Թաքնված նամակագրություն: Գաղտնի զրույցները գտնվում են գաղտնաբառով պաշտպանված առանձին թղթապանակում: Այս գործառույթը կարող է օգտակար լինել, եթե ինչ-որ մեկը ֆիզիկական հասանելիություն ունի ձեր գաջեթին: Android-ում հետաքրքրասեր աչքերից զրույցը թաքցնելու համար երկար սեղմեք այն զրույցի վրա, որը ցանկանում եք թաքցնել և ընտրեք համապատասխան տարբերակը: IOS-ում սահեցրեք զրույցը ձախ և առաջարկվող գործողությունների ցանկից ընտրեք «Թաքցնել» տարբերակը և մուտքագրեք PIN կոդ: Թաքնված զրույցի կարգավորումը վերականգնելու համար բացեք խոսակցությունը և սեղմեք վերին աջ անկյունում գտնվող երեք կետերին, բացեք զրույցի մասին տեղեկատվության էջը և ընտրեք «Տեսանելի դարձնել զրույցը» տարբերակը:

• Գաղտնաբառ համակարգչային տարբերակի համար: Viber-ը թույլ է տալիս համակարգչային հավելվածին տեղադրել PIN կոդ, որպեսզի ոչ ոք չկարողանա տեսնել օգտատիրոջ նամակագրությունն անգամ այն դեպքերում, երբ այլ մարդկանց հասանելի է նրա համակարգիչը (կամ, օրինակ, եթե օգտվողը որոշել է ապահովել իր հաշիվը աշխատանքային համակարգչում): Գաղտնաբառ ստեղծելու համար բացեք Viber-ը ձեր համակարգչում, սեղմեք պատուհանի վերին ձախ անկյունում գտնվող երեք կետերին և ընտրեք «Սահմանել գաղտնաբառ Viber-ի համար» սյունակը:

• Թաքցնել «Դիտված» կարգավիճակը: Viber-ը նաև թույլ է տալիս թաքցնել հաղորդագրությունների դիտման կարգավիճակը: Ձեր զրուցակիցն այլևս չի տեսնի երկնագույն մանուշակագույն նշանը, որը ցույց է տալիս, որ դուք դիտել եք հաղորդագրությունը: Այնուամենայնիվ, երբ այս գործառույթը միացված է, դուք այլևս չեք կարողանա հետևել ձեր հաղորդագրությունների ընթերցման կարգավիճակին: Viber-ում այս գործառույթը կազմաձևելու համար ընտրեք «Ավելին», այնուհետև «Կարգավորումներ» բաժնում սեղմեք «Գաղտնիություն», ապա անջատեք «ցուցադրել «Դիտված» կարգավիճակը»:

• Թաքցնել «Առցանց» կարգավիճակը: Օգտատերերի համար, ովքեր չեն ցանկանում «երևալ» առցանց, Viber-ը հնարավորություն է տալիս թաքցնել իրենց ներկայիս կարգավիճակը: Ինչպես հաղորդագրությունների դիտման կարգավիճակի դեպքում, երբ ակտիվացնում եք մեսենջերում «անտեսանելի» ներկայությունը, չեք կարողանա պարզել, թե արդյոք այլ օգտատերեր առցանց են:
Viber-ում այս գործառույթը կարգավորելու համար ընտրեք «Ավելին», այնուհետև «Կարգավորումներ» բաժնում ընտրեք «Գաղտնիություն», ապա անջատեք «Առցանց» տարբերակը:

• Թաքցնել պրոֆիլի նկարն անհայտ օգտատերերից: Եթե ցանկանում եք, որ ձեր պրոֆիլի նկարը չտեսնեն անծանոթ օգտատերերը, այսուհետ կարող եք այն թաքցնել: Պարզապես գաղտնիության կարգավորումներում անջատեք այդ գործառույթը՝ ընտրեք «Ավելին», այնուհետև «Կարգավորումներ», «Գաղտնիություն» բաժնում անջատեք «Ցուցադրել իմ լուսանկարը» տարբերակը:

• Նամակագրության հարցումներ: Viber-ում անհայտ օգտատերերի կողմից ուղարկվող տարբեր խմբերին կամ համայնքին միանալու հրավերներն ինքնաբերաբար հայտնվում են հարցումների թղթապանակում: Օգտատերը կարող է «ընդունել» հրավերը, որից հետո զրույցը կտեղափոխվի բոլոր չաթերի էկրան: Viber-ում այս գործառույթը լռելյայն միացված է:

Անձնական տվյալների անվտանգությունը կախված է ոչ միայն այն հավելվածից, որով օգտատերը շփվում է: Վերջից վերջ կոդավորման պարագայում նամակագրությանը հասանելիություն կարելի է ստանալ միայն ֆիզիկապես գաջեթ մուտք գործելու պարագայում, եթե այն պաշտպանված չէ գաղտնաբառով: Հետևաբար, կարևոր է նաև մարդկային գործոնը՝ ձեր գաջեթների նկատմամբ ուշադիր վերաբերմունքը, թվային հիգիենան և համացանցից օգտվելու հիմնական կանոնների իմացությունը: Դուք կարող եք բարձրացնել ձեր անվտանգ հաղորդակցության մակարդակը՝ օգտագործելով ակնթարթային մեսենջերի պաշտպանության լրացուցիչ հնարավորությունները:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …