Breaking News

Յուսուֆ Քարշ. Ինչպես նա Չերչիլի բերանից հանեց սիգարն ու լուսանկարեց նրան

Հայաստանում ծնված, Կանադայում մեծ անուն հանած մեր հայրենակից լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մահացավ 2002թվին՝ 93 տարեկան հասակում: Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած այս լուսանկարչի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով: Նա աշխատել է 20-րդ դարի լեգենդների հետ: Այս դարաշրջանի մեծերից շատերը, որոնց մենք այսօր ճանաչում ենք լուսանկարներով, հավերժացել են հենց մեր հայրենակցի լուսանկարչական ապարատի շնորհիվ:

Սոմերսեթ Մոեմը, Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրանկլին եւ Էլիանոր Ռուզվելտները, Ալբերտ Էյնշտեյնը, Պաբլո Պիկասոն, Ֆիդել Կաստրոն, Ջոն Քենեդին, Բիլ եւ Հիլարի Քլինթոնները, Շառլ դը Գոլը, Բերնարդ Շոուն, Ալբեր Քամյուն, Ջորջ Պոմպիդուն, Ժան Կոկտոն, Մարտին Լյութեր Քինգը, Յուրի Գագարինը (լեգենդար անուններն այնքան շատ են, որ մի էջ կարելի է լցնել միայն նրանցով) այնքան են վստահել Քարշին, որ ֆոտոսեսիաների ժամանակ հանդես են եկել այնպես, ինչպես նրանցից պահանջել է Քարշը:

Ամենահետաքրքիր պատմությունը կապված է Ուինսթոն Չերչիլի հետ: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, որտեղ Համայնքների պալատում ելույթ ունենալուց հետո՝ Կանադայի այդ ժամանակվա վարչապետ Մաքենզի Քինգը (ով, ի դեպ, եղել է առաջին հայտնի մարդը, ում լուսանկարել է Քարշը: Նա հետագայում մեր հայրենակցին ծանոթացրել է Կանադայի էլիտար խավի հետ) Չերչիլին առաջարկում է «Խոսնակի սենյակում» (Speakerգs Chamber) ֆոտոսեսիա անցնել: Չերչիլին նախապես չէին զգուշացրել այդ մասին, եւ նրան այս միտքն այնքան էլ դուր չի գալիս, սակայն չի հրաժարվում: Սովորության համաձայն, Չերչիլը կպցրեց իր սիգարը եւ «թարս չափեց» 33-ամյա լուսանկարչին: Սա նշանակում էր՝ պատրաստ եմ, նկարի՛ր: Կադրը հաջող չէր, եւ Քարշը Չերչիլին խնդրեց բերանից հանել սիգարը:

Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը մոտեցավ նրան եւ ասելով՝ «Ես ներողություն եմ խնդրում», Չերչիլի բերանից հանեց սիգարը: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր տղային, երբ լուսանկարչական ապարատը չխկաց:

«Դու նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար»,- հետագայում այսպես է ասել Չերչիլը Քարշին:

Այս լուսանկարը եղավ Քարշի հաջողության գրավականը ու երիտասարդ տղային միանգամից հայտնի մարդ դարձրեց:

Շատերի կարծիքով, լուսանկարչին հաջողվել էր Չերչիլին պատկերել այնպիսին, ինչպիսին նա ընկալվում էր մարդկանց գիտակցության մեջ՝ հզոր, ահազդու հերոս, ում հետ մեծ հույսեր էր կապում Համաշխարհային պատերազմի մեջ ընդգրկված Անգլիան: Նկարի շուրջ հոդվածներ գրվեցին, այն երկու անգամ տպվեց «Life» ամսագրում:

Երկրորդ անգամ նկարը տպվեց ամսագրի՝ մայիսի 21-ի (1945թ.) շապիկի վրա, երբ պատերազմն ավարտվել էր հակաֆաշիստական կոալիցիայի հաղթանակով: Այս լուսանկարի տակ առաջին անգամ Քարշի անունը գրվեց՝ որպես «Օտտավայի Քարշը»:

Չերչիլի նկարն այն երեք եզակի նկարներից էր (մյուս երկուսը՝ Էլիանոր Ռուզվելտի եւ Բերնարդ Շոուի լուսանկարներն են), որ շատ էր հավանում ինքը՝ հեղինակը: Սակայն, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես այդ հանճարեղ նկարը նա ընդամենը 100 դոլարով վաճառեց «Life»-ին: Հարկ է նշել, որ հետագայում Չերչիլի հանրահայտ նկարը վերածվեց հուշային դրոշմանիշի, որտեղ նշված է՝ «Լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»:

Մինչեւ Քարշի այլ հանճարեղ գործերի մասին պատմելը մի քիչ խոսենք նրա ծագման մասին: Յ.Քարշը ծնվել է 1908թ. Արեւմտյան Հայաստանում: Նրա ընտանիքը հրաշքով փրկվել է Եղեռնի ժամանակ։ 1924թ., երբ թուրքական ռեպրեսիաները հայերի նկատմամբ դեռեւս չէին դադարել, 16-ամյա տղային ուղարկում են Կանադա՝ Քվեբեկ (Շերբուրգ), որտեղ ապրում էր նրա հորեղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Վերջինս նկատում է, որ տղան կարողանում է լուսանկարչական ապարատով մարդկանց նկարել հետաքրքիր դիրքերով եւ դեմքի արտահայտությամբ: Լինելով այս գործի մարդ՝ Նաքաշյանը որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ: 3 տարին էլ բավական էր Քարշին՝ այս գործի մեջ «գայլ» դառնալու համար: Նա որոշում է տեղափոխվել մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան՝ դիմանկարներ անելու համար (ի դեպ, այսօր նույն ստուդիան կոչվում է նրա անունով):

Դրանից երեսուն տարի անց՝ 1962թ., երբ արդեն Քարշը ոչ պակաս լեգենդ էր, ինչպես այն մարդիկ, ովքեր հավերժացել էին իր իսկ լուսանկարչական ապարատի շնորհիվ, հայազգի լուսանկարիչը թողարկում է ինքնակենսագրական մի գիրք՝ «Շքեղություն փնտրելիս»: Սա, իհարկե, նրա առաջին գիրքը չէր, սակայն այս գրքում Քարշ լուսանկարիչն առաջին անգամ խոսում էր Քարշ մարդու մասին: Դեռ 1946թ. լույս էր տեսել նրա «Ճակատագրի դեմքեր» հայտնի դիմանկարների ժողովածուն: «Մեկ նկարը չի կարող հզոր ազդեցություն թողնել: Այն ավելի հզոր է, երբ հավաքական պատկերի մեջ է ներկայացված»,- այս ժողովածուն ներկայացնելիս ասել է Քարշը: 1960թ. Կանադայի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ լուսանկարչի առաջին սոլո ցուցահանդեսը, որից հետո նկարիչը ցուցահանդեսին նվիրաբերեց իր գործերից 100-ը: 1987թ. Կանադայի ազգային արխիվը սկսել էր հավաքել Յուսուֆ Քարշի՝ 1937-ից արած նեգատիվները, լուսանկարները, թերթում տպված նկարները: Սա պատահական չէր արվում, 1989-ին լուսանկարչության 150-ամյակը նշելիս վերոնշյալ երկու կառույցներն էլ ներկայացրին Քարշի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը:

1992-ին 83 տարեկան Քարշը հրապարակեց «Ամերիկայի ամենահայտնի 73 տղամարդկանց եւ կանանց տանը» գիրքը, որը կազմվել էր Քարշի նյույորքյան տուրնեից հետո: Մեկ այլ տուրնե էլ նա կատարել էր Ֆրանսիայով, որտեղ նրա ֆոտոսեսիաներին մասնակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք էին Ջ. Պոմպիդուն, Ա. Քամյուն, Շ. դը Գոլը եւ այլք:

Աշխարհի ամենահայտնի թանգարաններում ցուցադրվել են այս հանճարեղ լուսանկարչի աշխատանքները: Հրապարակվել է նաեւ առանձին գիրք նրա մասին, որտեղ նրա երկու եղբայրները (որոնցից մեկը նույնպես լուսանկարիչ է եղել), ինչպես նաեւ Քարշի կինը՝ Էստրելիտան, պատմում են այս լեգենդի մասին կադրից դուրս: Գիրքը կոչվում է՝ «Ժամանակի մեջ մեկ րոպե»: 2000թ. լույս տեսավ միջազգային մասշտաբով «Ով ով է աշխարհում» հայտնի հանդեսը, որտեղ 100 ամենահայտնի մարդկանց ցուցակում հայտնվել էր նաեւ Յուսուֆ Քարշը։ Ի դեպ, այստեղ նա Կանադայի միակ քաղաքացին էր: Հարկ է նշել, որ ամենահայտնի մարդկանց այս ցուցակում տեղ գտած 51-ն այն մարդիկ էին, ում ժամանակին լուսանկարել էր Յուսուֆ Քարշը:

Յուսուֆ Քարշը մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, 2002թ.-ին՝ 93 տարեկանում, Բոստոնում, որտեղ ապրել է կյանքի վերջին տարիների ընթացքում: Նրա կյանքի պատմությունը հարուստ է 15.000 հրաշալի լուսանկարներով, որոնք ոչ միայն մեծ փառք են բերել լուսանկարչին, այլեւ շատ ու շատ լեգենդար մարդկանց ներկայացրել են շահեկան դիրքից:

«Ես ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատել,- մի անգամ ասել է Յ. Քարշը,- Ինձ թվում է, որ իմ աշխատանքն աշխարհի ամենահետաքրքիր աշխատանքն է»:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …