Breaking News

Վիկտոր Համբարձումյանն ասում էր՝ ինչ-որ մարդու պաշտոն տալուց առաջ պետք է հաշվի առնել նրա մարդկային, հետո նոր՝ գիտական արժանիքները. Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն

Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնականի՝ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 113 տարեկան:

2009 թվականից սկսած Հայաստանում այս օրը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, նշվում է նաև՝ որպես աստղագիտության օր:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ՝ վաղ առավոտյան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն այցելել են Բյուրականի աստղադիտարանի պանթեոն՝ Համբարձումյանի շիրիմին, և հարգանքի տուրք են մատուցել մեծ գիտնականին։

«Լինելով աշխարհի բարձրակարգ գիտնականներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանը, կարելի է ասել՝ մարդկային առումով նույնպես անկրկնելի էր: Մի հետաքրքիր բնավորության գիծ ուներ. ասում էր՝ ինչ-որ մարդու պաշտոն տալուց առաջ պետք է հաշվի առնել նրա մարդկային, հետո նոր՝ գիտական արժանիքները: Եթե կա երեք հոգի, ապա առաջնայնությունը պետք է տալ նրան, ում մարդկային արժանիքներն ավելի բարձր են՝ թեկուզև մի քիչ էլ պակաս լինի գիտականը, որովհետև գիտական արժանիքները հնարավոր է ձեռք բերել, իսկ մարդկայինը՝ ոչ: Մարդն այնպիսին է, ինչպիսին կա»,- մեզ հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը, ով երկար տարիներ աշխատել է Վիկտոր Համբարձումյանի հետ:

«Մեր հարաբերությունները մի քիչ ավելի սերտ էին, քան զուտ աշխատակցի ու ղեկավարի հարաբերությունները: Ինչ-որ պահի ինձ նշանակեց փոխտնօրեն, ու Բյուրականի աստղադիտարանի հետ կապված աշխատանքները հիմնականում ես պետք է կատարեի: Մի օր շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Երբ շատերի ու ինձ համար էլ անսպասելի ինձ նշանակեց փոխտնօրեն, ու մեկ ամիս էր անցել, սակայն ես դեռ ուշքի չէի եկել այդ նշանակումից, մեզ մոտ պետք է միջազգային աստղագիտական միության գիտաժողով լիներ, Համբարձումյանն ինձ հայտնեց, որ գնում է աչքերի բուժման, ես պետք է մնամ, ու ասաց՝ եթե հարց լուծելիս ինչ-որ կարծիքի կարիք եք ունենում, հարցրե՛ք, խորհրդակցե՛ք տարբեր մարդկանց հետ, բայց միշտ արեք այն, ինչ դուք եք ճիշտ համարում: Բավականին երիտասարդ էի, դա այլ կերպ ընդունվեց, քան հիմա: Մտածում էի՝ ինչքան է վստահում ինձ, ու զարմացա։ Իսկ հիմա հասկանում եմ, որ դա պարզապես պատասխանատվություն վերցնելու նման մի բան է: Նշանակում է, որ դու ես պատասխանատուն, ամեն ինչի մասին կարգին մտածիր, քանի որ ինքդ ես անելու:

Բոլորս ասում ենք, որ Վիկտոր Համբարձումյանը մեծ գիտնական է, սակայն 95 տոկոսը չի հասկանում, թե ինչու. նա նաև մեծ դիվանագետ էր, մեծ քաղաքացի: Ե՛վ Խորհրդային Միության, և՛ Հայաստանի մեծ քաղաքացի էր. այս երկուսը հաճախ հակասության մեջ են մտնում, և միայն նման մարդն էր, որ կարող էր այդ երկու, հաճախ իրար հակասող զգացումներն ու արժեքներն ինչ-որ ձևով համադրել և հաղթող դուրս գալ»,- նշեց Հայկ Հարությունյանը:

Հետաքրքրվեցինք, թե ընդհանրապես որքանո՞վ են ներկայիս երիտասարդները հետաքրքրված աստղագիտությամբ։ Ի պատասխան՝ նա ասաց, որ 1990-ական թվականներից սկսած՝ երիտասարդներն ավելի պրագմատիկ են մտածում:

«Իսկ մեր ժամանակ երիտասարդները մի քիչ տարբեր էին. իդեալների հետևից գնալն ավելի շատ էր: Ու ստացվեց այնպես, որ 1990-ական թվականներին գիտության բոլոր ոլորտներից արտահոսք տեղի ունեցավ, ու հիմա տարիքային խմբերում զգալի տարբերություն կա: Հետո եկան երիտասարդներ, սակայն հիմա առաջնային է դարձել ոչ թե իմացության, այլ կյանքի բերկրանքը: Այսինքն, կյանքից են ավելի շատ հաճույք ստանում, քան իմացությունից: Դա գուցե բնական է, այդպես էլ պետք է լիներ, բայց ինձ համար ցավալի փաստ է: Եթե գա մի ժամանակ, երբ երիտասարդները սկսեն առաջնային դարձնել իմանալու, հասկանալու, ճանաչելու բերկրանքը, կարծում եմ՝ դա կլինի մեր գիտության համար նոր ծաղկման դարաշրջան:

Այն ժամանակ, ստեղծելով աստղադիտարանը, Համբարձումյանն ինքն է մարդկանց հավաքել, այնպիսի բարձր չափանիշներ է դրել, որ երբ սկսում ենք իջնել դրանից, տարբերությունը զգացվում է: Մենք ցանկացած գիտնականի համեմատում ենք Վիկտոր Համբարձումյանի հետ, ասում ենք՝ այս մարդն այսպիսի բան արեց, իսկ ի՞նչ կաներ Վիկտոր Համբարձումյանն այդ ժամանակ»,- եզրափակեց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրենը:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։

Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0մ հանրահայտ դիտակները։ 1946 թվականից ի վեր Բյուրականում են անցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ:

1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

168.am

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …