Breaking News

«Առավոտ». Շանթ Հարությունյանը և ընկերները պիտք է անհապաղ ազատ արձակվեն

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ իշխանափոխությունն ըստ էության տեղի է ունեցել, և Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, «համարյա» վարչապետ է, և քանի որ արդեն իսկ սկսվել է նոր իշխանության հասցեին քծնանքի արշավը, ես ինձ ազատ եմ զգում իմ կարծիքն արտահայտելու՝ հակադրվելով հեղափոխական ռոմանտիկային, որով շնչում է իմ համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Լրատվամիջոց ներխուժելը և նույն պահին ուղիղ եթեր պահանջելը վատ է, ոստիկանական պատնեշը ուժով ճղելը վատ է, փողոցներ և մայրուղիներ փակելը վատ է, անտեղի ազդանշաններ տալը վատ է, արագաչափ փակելը և 100-ի վրա քշելը վատ է: Ի դեպ, ինչո՞ւ են հիմա այդպես քշում, տեսնես՝ ո՞ւմ դեմ են պայքարում: Իսկ այդ ամենը վատ է (թեև գուցե անխուսափելի) այն պատճառով, որ դրանից հետո առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մի քանի ամիս է պետք կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար, ամենաթողության հոտը հարբեցնում է մարդկանց: Եթե մի քանի ամսից Նիկոլ Փաշինյանն ասի այն, ինչ ես եմ հիմա գրում, մի՛ զարմացեք՝ նա պատասխանատվություն է կրելու պետական կարգի համար:

Եթե ոստիկանական գունդը զենքով գրավելու և այլ հանցագործություններ, նաև սպանություններ կատարելու մեջ մեղադրվող մարդիկ համարվեն քաղբանտարկյալներ ու առանց ամեն մեկի մեղքը քննելու ազատ արձակվեն, ապա դա լուրջ խնդիրներ կստեղծի ցանկացած իշխանության համար: Դա վտանգավոր է պետության համար, որովհետև դրախտային պայմաններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ոչ մի իշխանություն չի ստեղծի, և եթե քաղաքացիների մեկ այլ խումբ, արատների դեմ բողոքելով, կրկին փորձի հարցը լուծել «Կալաշնիկով» ավտոմատի միջոցով, «քաղբանտարկյալներ» խաղալը կլինի նախադեպ, որն արդարացնում է զինված քաղաքական պայքարը: (Բոլորովին այլ է Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դեպքը՝ այն պատիժը, որը նրանք կրում են, խիստ անհամաչափ է այն արարքին, որը նրանք կատարել են, ինչի մասին ես բազմիցս գրել եմ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Այդ տղաներն իսկապես, իմ կարծիքով, պիտք է անհապաղ ազատ արձակվեն):

Սովորաբար, երբ ես նման բաներ էի գրում, մեկնաբանությունը հետևյալն էր. «ուրեմն դուք ուզում եք, որ ամեն ինչ մնա նո՞ւյնը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավե՞րժ լինի»: Հիմա այդ «փաստարկը», մեղմ ասած, տեղին չէ՝ ամեն ինչ արդեն իսկ փոխվել է, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունն ավարտվել է: Ավելին՝ ժողովրդի ցասումը միանգամայն տեղին էր, պետական համակարգը ոտից գլուխ փտած է և չի ծառայում Հայաստանի քաղաքացիների շահերին: Բայց այդ համակարգը ապամոնտաժելը 10 անգամ ավելի դժվար է, քան փողոցային ակցիաներ կազմակերպելը: Իսկ նոր համակարգ ստեղծելը 100 անգամ ավելի դժվար է, քան ապամոնտաժելը: Իսկ այդ դժվարին աշխատանքի հիմքում պետք է լինեն ոչ թե հեղափոխական հույզերը, այլ օրինականության վրա հիմնված սթափ գործելաոճը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Check Also

Արա Այվազյանը վերադառնում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը եւ նրա երկու տեղակալները՝ …