Breaking News

«Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել». Նիկոլ Փաշինյան

«Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մի գործողություն ունի անելու՝ անվերապահ և առանց նախապայմանների ճանաչել մեր հռչակած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Եվ Հայաստանի ղեկին կանգնելու որևէ հավակնություն չցուցաբերեն»,- քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց՝ մենք պահանջում ենք ՀՀԿ-ի միանշանակ և անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ:

Դառնալով Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալ չտալու հարցին՝ հայտարարեց. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հրաժարական է տվել ողջ կառավարությունը: Չկա ոչ մի գործող պաշտոնյա, բոլոր գործող կառավարության անդամները հրաժարական տված են, և այս պահին ՀՀ-ում չկա կառավարություն»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Կարեն Կարապետյանն իրեն հռչակել է ՀՀ-ի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետև հղում կատարելով իրավաբաններին ասաց. «Իրավաբանները, վերլուծելով ՀՀ օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, հետևաբար Կարեն Կարապետյանը ոչ թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է, այլ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Նա հանկարծ չհամարձակվի վարչապետի լիազորություններ իրեն վերագրել, դա կարող է համարվել նույնիսկ քրեական հանցագործություն»:

Նա հրապարակում հավաքված ժողովրդին տեղեկացրեց, որ այսօր Կարեն Կարապետյանը հրավիրել է ուժայիններին և պնդել, թե պետք է արտակարգ դրություն մտցնել. «Ես զարմանում եմ այդ մարդու տրամաբանության վրա:

Կարեն Կարապետյան, ուրեմն Սերժ Սարգսյանը վերջին 25 տարիներին, որ Հայաստանում եղել է Ներքին գործերի, ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության նախարար, ուրեմն, ամսի 23-ին Սերժ Սարգսյանը չէ՞ր ֆայմում, որ կարող է արտակարգ դրություն մտցնել, դու եկել ես սատանի մայլում քյանդրբա՞զ ես խաղում: Ես պաշտոնապես հիմա ասում եմ՝ Կարեն Կարապետյան, դու չես կարող արտակարգ դրություն մտցնել, եթե նույնիսկ նման՝ որևէ ստից մի թուղթ ստորագրես, մենք տեղում այդ որոշումը չեղյալ կանենք: Թե ուզում ես՝ բախտդ փորձիր»:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …