Breaking News

Կաթողիկոսը հանդիպել է նախագահներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ

Հայաստանի Հանրապետության նախագահի և

Արցախի Հանրապետության նախագահի հետ

 

Ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի ունեցավ հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները և Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:

Նորին Սրբությունը հոգևոր դասի անունից մտահոգություն հայտնեց հայրենի երկրում տեղ գտած քաղաքական զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով: Վեհափառ Հայրապետը կարևորեց, որ քաղաքական գործընթացները լինեն անցնցում և օրինականության շրջանակներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համընդհանուր ջանքերով, երկխոսության միջոցով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծման պիտի առաջնորդվի՝  նկատի առնելով ազգային շահերը, ի մասնավորի՝ Արցախի ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքը և հայոց պետականության անսասանությունը:

Առկա իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ լուսաբանություններ տվեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահները, պատասխանեցին հոգևոր դասի հարցումներին:

Զրույցի ընթացքում կարևորվեց հայրենիքում ներքաղաքական կայունության ապահովումը և գործընթացների իրականացման ճանապարհին օրենքի և սահմանադրության անխաթար պահպանումը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …