Breaking News

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 17-ին տոնում է վերջին՝ 5-րդ տաղավար տոնը՝ Սուրբ Խաչը կամ Խաչվերացը: Այն Խաչին նվիրված տոների մեջ ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:

610թ. պարսից Խոսրով արքան մեծաքանակ զորքով հարձակվում է Բյուզանդական կայսրության վրա: Սկզբնական հաջողություներից ոգևորված՝ պարսկական զորքերը 614թ. մտնում են Երուսաղեմ: Շատերը սրի են քաշվում կամ էլ գերեվարվում: Վերջինների մեջ էր նաև Երուսաղեմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բավարարվում. մտնում են Ս. Հարության տաճար և գերի վերցնում այնտեղ պահվող Աստվածընկալ Ս. Խաչը, որը Դ դարի սկզբին Կոստանդիանոս կայսեր մոր Հեղինեի ձեռքով գտնվել և պաշտամունքի առարկա էր դարձել բոլոր քրիստոնյաների համար:

628թ. բյուզանդական զորքերը Հերակլ կայսեր գլխավորությամբ խաչափայտը վերադարձնելու համար մարտի են դուրս գալիս պարսիկների դեմ: Վերջիններիս օժանդակում էր նաև հայկական զորախումբը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Տիրոջ օգնոթյամբ բյուզանդացիները հաղթանակ են տանում: Ս. Խաչը հանդիսավոր թափորով տեղափոխվում է հայոց Կարին քաղաքը: Իսկ Կարինից այն տեղափոխում են Կ. Պոլիս, ապա Երուսաղեմ: Գերեդարձի ճանապարհին Տիրոջ խաչափայտը բարձրացվում էր և ցնծության առիթ լինում ժողովրդի համար:

Խաչը քրիստոնյաների համար Աստծո զորությունն է ու պարծանքների պարծանքը, որի վրա իր անմեղ արյունը թափեց Քրիստոս՝ տալով մեզ հաղթության զենքը՝ ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերը մարդկության հանդեպ, և խաչը դարձավ մեզ համար հույսի, սիրո և փրկության առհավատչյան:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …