Breaking News

ՀՀ նախագահ. Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները, համոզված եմ, դեռ իրենց վճիռները կկայացնեն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին անդրադառնալով ԼՂ հակամարտությանը ընդգծել է, որ 2016-ի ապրիլին մեր ժողովրդին նորից պարտադրվեց պատերազմ, և մենք նորից պատվով դիմագրավեցինք հակառակորդի կողմից նախնադարյան մտածողության արգասիք վայրագությանը. «2016-ի ապրիլին մենք կրկին ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը և հայի անկոտրում ոգու ուժը: Մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետև ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները, համոզված եմ, դեռ իրենց վճիռները կկայացնեն:
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, և համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը՝ իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը»:

Ըստ Ս. Սարգսյանի՝ չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ. «Վերջին տասնամյակում, ինչո՞ւ ոչ՝ անգամ 1994-ի մայիսից շատ է խոսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, կարգավորման տարրերի և սկզբունքների մասին: Դուք էլ այս համաժողովի ընթացքում անկասկած կքննարկեք խնդիրը՝ դիտարկելով այն բոլոր հնարավոր տեսանկյուններից:

Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, և պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը»,-նշել է նա՝ ընդգծելով, որ Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է:

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …