Breaking News

Արցախի ոստիկանապետի 100.000 դոլարանոց մեքենայի ու 1000 դրամանոցի բախումը

Աղաղակող փաստերից մեկի մասին է բարձրաձայնում քաղաքագետ Արա Պապյանը՝ հիշեցնելով, որ երկու-երեք ամիս առաջ Արցախի խորհրդարանի հաստատմաբ 160 միլիոն դրամ (մոտ 320 հազար դոլար) հատկացվեց նոր մեքենաներ ձեռք բերելու համար: Եվ այդ գումարից ոչ ավել ու ոչ պակաս 100 հազար դոլարը բաժին հասավ Արցախի ոստիկանապետին` ծառայողական մեքենա ձեռք բերելուն: Մինչդեռ պետական մակարդակով ժողովրդի գրպանից, դրամահավաքությունը դարձել է պարտադիր նորմ: Հիմնավորելու ձևն էլ «պեղել» են՝ պետությունն աղքատ է, անվճարունակ, գրեթե սնանկ, և պետք է օգնության ձեռք մեկնի շարքային քաղաքացին:

Այդպես եղավ նաև, երբ 2017թ. հունվարի 1-ից աշխատողները սկսեցին պարտադիր կերպով ամսական 1000 դրամ վճարել մահացած ու վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամներին: Այս նախագիծը բազմաթիվ քաղաքացիների վրդովմունքն առաջացրեց և ոչ այն պատճառով, որ չեն ցանկանում օգնել բանակին: Խնդիրն այն է, որ չկա վստահության մթնոլորտ, տարիներ շարունակ մարդիկ տեսել ու տեսնում են, թե ինչպես են մսխվում ու անարդյունավետ ծախսվում պետական միջոցները: Աղքատության ֆոնին՝ օլիգարխների ու չինովնիկների անծայրածիր ունեցվածքն ու թույլ տված շռայլությունները՝ 1000 դրամ պարտադիր ուզվորության ֆոնին շարունակում են հարցեր ու հարցեր առաջացնել:
Փաստացի 70-80 հազար դրամ աշխատավարձի հույսին ապրող քաղաքացուց, որոնցից շատ շատերը նաև առաջնագծում զինվոր ունեն, յուրաքանչյուր ամիս 1000 դրամ պարտադիր գումար ենք գանձում, որպեսզի զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերենք, իսկ ոստիկանապետը 100 հազար դոլարանոց ծառայողական մեքենա է վարում: Կառավարությունն էլ իր հերթին մերժում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, միչդեռ եթե, գոնե, Կառավարությունը այդ հարցում աչալուրջ լիներ, ապա հույս կար, որ կբարելավվեր ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը: Եվ քանի դեռ «Ազգ-բանակ-պետություն» գաղափարը պտույտ է տալու 100000 դոլարանոց ծառայողական մեքենաներ ու 1000 դրամ հավաքելու շրջափուլում` Արամ Ա կաթողիկոսի բերանով բարձրաձայնվելու է` Հայաստանը դատարկվում է, սփյոռքը՝ մաշվում:

ArmLife.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …