Breaking News

«Ագրոքիմիական ծառայության» տնօրենին բռնել են. Պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների եւ վետերանների տարածքային խորհրդի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաչագան Դավթյանը, օգտվելով 2014 թ. հունիսի 24-ից նոյեմբերի 10-ը աշխատակիցներից մեկի՝ արտերկրում գտնվելու հանգամանքից՝ բանկային քարտի միջոցով կանխիկացրել ու յուրացրել է նրա հինգ ամսվա աշխատավարձն ու հավելավճարները՝ 577 հազար դրամի չափով, ինչպես եւ յուրացումներ է կատարել վառելիքի, գործուղումների, հավելավճարների տեսքով:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ աշխատավարձի յուրացման փաստը հաստատվել է: Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-2016 թթ. ՊՈԱԿԻ տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է նույն աշխատակցի անունով դուրս գրված շուրջ 3000 լիտր բենզին՝ պատճառելով 1.188.850 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաեւ, որ նա Վաչագան Դավթյանի ցուցումով իր սպասարկման տարածքների համայնքապետերի կնիքներով ու ստորագրությամբ գործողումների դատարկ ձեւաթղթեր է բերել ՊՈԱԿ, որոնց լրացումով նույն ժամանակահատվածում տնօրենի կողմից յուրացվել է 6.365 հազար դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՊՈԱԿ-ում 1-ին կարգի ագրոքիմիկոս ձեւակերպված, բայց իրականում 2015 եւ 2016 թվականներին պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնած մի աշխատակցի շուրջ 700 հազար դրամ աշխատավարձը յուրացնելու մասին:

Իսկ 2014 թ. փետրվարից նոյեմբեր հանրապետությունից բացակայած մեկ այլ մասնագետի փոխարեն աշխատել է ՊՈԱԿ-ում բանվորուհի ձեւակերպված աշխատակիցը, որի վերաբերյալ աշխատավարձի ցուցակ են մտցվել ակնհայտ խեղաթյուրված տվյալներ, եւ նա ստացել է երկրից բացակայող աշխատակցի 10 ամսվա աշխատավարձը, ինչի հետեւանքով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնելու եղանակով պետությանը պատճառվել է 742 հազար դրամի վնաս:

Ընդհանուր առմամբ, «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաչագան Դավթյանի գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.571.850 դրամի նյութական վնաս:

Դեպքի առթիվ սեպտեմբերի 20-ին ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննության:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …