Breaking News

Իշխանությունը հաստատում է, որ իրական անկախությունը ՀՀ պետական գերատեսչություններ դեռ չի մտել

Ռուսերենի հայեցակարգի ստեղծման համար չի եղել հանրային պահանջարկ եւ հանրային քննարկում։ Այդ մասին ասվում է «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

«Շնորհակալություն ենք հայտնում ԿԳ նախարարությանը մեզ նորից ի մի ժողովելու եւ կիսատ թողած բազմաթիվ ծրագրերի մասին հիշեցնելու համար։

ՀՀ ԿԳՆ-ն շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը, որի առիթով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության աշխատանքային խմբի առաջին հավաքով ու հակիրճ քննարկմամբ արձանագրվեց.

1. նման հայեցակարգի ստեղծման համար չի եղել հանրային պահանջարկ եւ հանրային քննարկում.

2. ռուսերենը օտար լեզու է եւ ռուսաց լեզվի համար մյուս օտար լեզուներից առանձնացված հայեցակարգի մշակումը հիմնավորված չէ. այն ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական որոշակի ուժային կենտրոնից ստացված հրահանգ, որի կուրորեն ի կատար ածումը հղի է Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժգնացմամբ.

3. հայեցակարգ կոչվածը ռուսերենին պետական լեզվի գործառույթներ տալու եւ ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու համար ՀՀ օրենքների մեջ սողանցքներ ստեղծելու փորձ է։

Ուստի հայտարարում ենք, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք, որ այս հայեցակարգը տապալվի (նման փորձ մենք արդեն ունենք)։ Իսկ որպեսզի մեկընդմիշտ դադարեն լեզվական շահարկումները ցանկացած ուժային կենտրոններից, մենք առաջիկայում հանդես կգանք հստակ առաջարկություններով՝ նախաձեռնելով հանրային կառուցողական քննարկումներ։

Այսօր ստիպված ենք եւս մեկ անգամ արձանագրել, որ Անկախության օրվան ընդառաջ նման հայեցակարգով հանդես գալով՝ՀՀ իշխանությունը ի ցույց է դնում, որ իրական անկախությունը ՀՀ պետական գերատեսչություններ դեռ չի մտել, հակառակ դեպքում ՀՀ ԿԳՆ-ն հանդես կգար հայոց լեզվի ընդլայնված հայեցակարգով եւ դրանից հետո միայն ձեռնամուխ կլիներ օտար լեզուների (այդ թվում՝ ռուսաց լեզվի) ուսուցման հայեցակարգի մշակմանը։

Մենք շնորհավորում ենք անկախությունն իբրեւ բովանդակություն եւ ոչ իբրեւ լոկ հայտարարություն ընկալող ողջ հայության տոնը եւ փաստում, որ Իրական Անկախության համար պայքարը շարունակվում է, եւ իրականություն է դառնալու համայն գիտակից հայության տքնաջան եռանդով»,- ասվում է հայտարարության մեջ։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …