Breaking News

«Ստի մե՞րը: Եթե հարցը անտեսվեց, ուրեմն…». Վահրամ Մարտիրոսյանը՝ Հմայակ Հովհաննիսյանին

Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժիրայր Սեֆիլյանի կոչի մասին

Ես նույնպես կամ այն մարդկանց ցուցակում, ում դիմել էր Սեֆիլյանը։ Կոչը հրապարակվելուց ժամեր անց արդեն արտահայտել եմ իմ վերաբերմունքը՝ պատասխանելով «Առավոտ» օրաթերթի թղթակցի (http://www.aravot.am/2017/09/22/909126/), ավելի ուշ նաև «Հայելի» ակումբում Լազարյան ճեմարանի խնդրին նվիրված ասուլիսին ներկա լրագրողների հարցերին։

Բայց կոչը դեռ բուռն կերպով քննարկվում է, ընդ որում՝ ոչ այնքան նրա բովանդակությունը, որքան հասցեատերերը, այդ պատճառով ուզում եմ որոշ պարզաբանումներ ավելացնել։

Արդյոք Սեֆիլյանը վտանգի չի՞ ենթարկել մարդկանց, որոնց դիմել է հրապարակային կոչով։ Ժիրայրն ազատության մեջ չէ, և հազիվ թե կարողանար յուրաքանչյուրի հետ համաձայնեցնել նրան դիմելու նպատակահարմարությունը։ Հանրային գործիչների վախը պետք է չափած լինի, եթե նրանք ապրում են ավտորիտար համակարգում, ուրեմն, նրանց կարող է կոչով դիմել ցանկացած քաղաքացի։

Վարկաբեկի՞չ է արդյոք նույն ցուցակում լինել այս կամ այն մարդկանց հետ՝ ոչ, դա Ժիրայր Սեֆիլյանի ցուցակն է, ամեն մեկիս գլխում կա ցուցակ, որում խաղաղ գոյակցում են ուրիշների համար անհամատեղելի անձինք։

Ի՞նչ է նշանակում ցուցակն ինձ համար։ Ժիրայրը դիմել է, նա ինձ չի ՆՇԱՆԱԿԵԼ որևէ պաշտոնի կամ պարտադրել համագործակցության։ Անձամբ ինձ համար համագործակցության հիմքը մեկն է՝ գաղափարական համախոհություն։ Ժիրայրի նշած երեք նպատակից, որոնք ինձ համար լիովին ընդունելի են, երկուսը գաղափարական բնույթ ունեն. «բ) հեռացնել գ ա ղ ո ւ թ ա յ ի ն վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գ ա ղ ո ւ թ ա տ ի ր ո ւ թ յ ո ւ ն ի ց Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը»։

Նրա կազմած անվանացանկից շատերին չեմ ճանաչում, բայց «Գրիբոեդով» ակումբի անդամ Հմայակ Հովհաննիսյանի օրինակով հստակեցրել եմ, որ հնարավոր չէ հակագաղութատիրական պայքար վարել հակառակ ճամբարի մարդկանց հետ։
Մնացյալ բոլոր դեպքերում և բոլոր հարցերի շուրջ քննարկումների պատրասատ եմ։

Հ.Գ. Երկու խոսք՝ Հ. Հովհաննիսյանի հիստերիկ  արձագանքի առթիվ, որը տեղ է գտել մեդիայում։ Իմ արտաքինի ու անձի հետ գործ չունես. ես քո արտաքինն ու անձը չեմ քննարկել, միայն գործունեությունը։ Իսկ զրպարտանքների առաջին պատասխանս կլինի, ինչպես Գյումրիում ընդունված էր՝ «ստի մե՞րը…» հարցը։ Եթե հարցը անտեսվեց, ուրեմն՝ հրապարակային հանդիպում, դատարան կամ «փողոց»՝ նայած զրպարտանքի բնույթին։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …