Breaking News

ՊՊԾ գնդի պաշտոնատարների կողմից խոշտանգումներ կատարելու հարցով քրեական գործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու  դեպքերի առթիվ:

Այսպես, Արարատ քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն հաղորդում է տվել, որ 04.09.2017թ.-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն տեւական ժամանակով պահել են ոստիկանության Մաշտոցի բաժնում, որտեղ համոզել են խոստովանել գողության դեպքը, որի հետ ինքը առնչություն չի ունեցել: Այնուհետեւ բաժնի մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք: Ավելին, ըստ Ա. Հ.-ի, բաժնի պաշտոնատար անձն իրեն հորդորել է չբողոքել ոստիկանների դեմ` սպառնալով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` 26.08.2017թ.-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից Ա. Ա.-ն հաղորդում է տվել, որ նշված օրը դեպքի վայր ժամանած ոստիկանության ՊՊԾ գնդի մի քանի ծառայողներ առանց պարզաբանման իր ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացրել, ստիպողաբար նստեցրել պարեկային ավտոմեքենան եւ բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ա. Ա.-ն հայտնել է նաեւ, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկանները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նույն հոդվածի հատկանիշներով եւս մեկ քրեական գործ է հարուցվել ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քաղաքացիներ Մ. Հ.-ի եւ Ս. Կ.-ի հաղորդումների հիման վրա:

Այսպես, Մ. Հ.-ն հաղորդում է տվել, որ 20.07.2017թ.-ին ոստիկանության Կումայրիի բաժնում իրեն սպառնալիքներ են տվել եւ զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, որի հետեւանքով հիշյալ բաժնի մի խումբ ոստիկանների պահանջով սուտ ցուցմունք է տվել դանակահարության դեպքի մասնակիցների վերաբերյալ: Նույն դեպքի առնչությամբ 20.07.2017թ.-ին ոստիկանության Կումայրիի բաժին հրավիրված Ս. Կ.-ն, իր հերթին, հաղորդում է տվել, որ ոստիկանության ծառայողն այնտեղ հարվածել է իրեն` պահանջելով կեղծ ցուցմունք տալ դանակարության դեպքի մասին:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց  կողմից խոշտանգում կատարելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված երեք քրեական գործերով կատարվում է նախաքննություն:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …