Breaking News

Ռուսաստանի հետ համաձայնեցված էր ապրիլյան պատերազմը. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում Ելք խմբակցության ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Գեղամյանը ԵՏՄ-ին անդամակցելու ջատագովներից էր, գիրք էր գրել և փորձում էր համոզել, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում պատերազմն անխուսափելի է:
Գեղամյանը փորձեց փաստարկներ ներկայացնել՝ հիշեցրեցնելով, որ 2014 թվականին եղան ուկրաինական ապա մոլդովական դեպքերը:
«Հիմա հարց, արդյո՞ք հարգարժան զեկուցողը տեղյակ չէ, որ խայտառակ վիճակում է գտնվում Ուկրաինայի էկոնոմիկան, շատ ծանր վիճակում է գտնվում Մոլդովայինը: Դա խոսում է, որ ընտրված կուրսը, այն է՝ անդամակցությունը ԵՏՄ-ին ճիշտ էր: Հակառակ դեպքում կունենայինք այն, ինչ ունենք Ուկրաինայում»,- ասաց Գեղամյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Գեղամյանի հոդվածի թեմատիկան վերաբերում էր անվտանգությանը.«Ձեր հոդվածի պնդումը չի արդարացել, որովհետև մենք ոչ թե ԵՏՄ մտանք ու խուսափեցինք պատերազմից, մենք համ ԵՏՄ մտանք, համ պատերազմ ունեցանք, համ ռազմական կորուստներ: Եվ ընդ որում, հիմքեր կան կասկածելու, որ այդ պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է մեր ռազմավարական գործընկերների հետ, ԵՏՄ մեր պարտնյորների հետ, որովհետև ես թշնամական ակտ եմ համարում այն, որ Ղազախստանն ասում է՝ քանի որ պատերազմ է, եկեք ԵՏՄ վարչապետների հավաքը Երևանում չանենք, որովհետև դա կարող է մեկնաբանվել որպես աջակցություն կողմերից մեկին: Դու էդ կողմերից մեկն ես, որովհետև ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ ունես, էդ քո դեմ են կռիվ անում, քո գյուղերի վրա են կրակում: Ես նկատի ունեմ ՀՀ սահմանի լարված իրավիճակը: Նույնը վերաբերում է նաև Բելառուսին, որն Ադրբեջանին պաշտպանող հայտարարություններ արեց: Նույնը վերաբերում է Ռուսաստանին»,- նշեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ երբ տարիներ շարունակ բարձրաձայնվում էր Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցը, իշխանություններն ասում էին՝ ընդամենը բալանս են պահում. «Մենք դրան կհավատայինք, եթե Ռուսաստանն ապրիլյան պատերազմի օրերին ասեր՝ քանի որ իր վաճառած զենքն օգտագործվում է իր ռազմավարական գործընկերոջ դեմ, ինքը սառեցնում է զենքի վաճառքն Ադրբեջանին»,- ասաց Փաշինյանը:

Արտաշես Գեղամյանը նշեց, որ զարմանալի հայտարարություն է այն, թե ապրիլյան պատերազմը Ռուսաստանի հետ համաձայնեցված էր. «Համաձայնեցված էր ի՞նչ, որ պատերազմի ժամանակ ընդամենը 500 զո՞հ ունենա Ադրբեջանը, ինչի մասին իրենց Գլխավոր շտաբի պետն է իր նամակում գրել: Հավանաբար, իրենք կարծում էին, որ 1000 զոհ կլինի, բայց ընդամենը 593 էր: Այսինքն՝ ի՞նչն էր համաձայնեցված: Նման համաձայնեցումները կհանգեցնեն նրան, որ Արաքսի ափին կհայտնվեն հայկական զինված ուժերը»,- նշեց Գեղամյանը:

Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ Ռուսաստանի հետ համաձայնեցված էր այդ պատերազմը. «Այնպես եք խոսում, կարծես մենք 800 հա հող չենք կորցրել: Մեր առանձին հրամանատարների դիպուկ և օպերատիվ գործողությունների արդյունքում, որոնցից մի մասն, ի դեպ, փորձ է արվել մեկնաբանել, որ առանց հրամանի նրանք գործողություններ են արել, հերոսական գործողություններ, կասեցվել է Աղդամ-Ասկերան ուղղությամբ դեպի Ստեփանակերտ գրոհը: Եվ այնպես եք ասում, ոնց որ հայկական կողմը 100 զոհ չի ունեցել: Այնպես եք ասում, կարծես մենք ամեն ամիս լուրեր չենք ստանում սահմանից, այնպես եք ասում, կարծես Թուրքիայից բերված զենքով են մեր զինվորները սպանվում: Եվ այնպես եք ասում, որ կարծես միայն մեր թշնամիներն են աչք փակում դրա վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

Check Also

Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և …