Breaking News

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։ Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996թ. մայիսի 1-ին, Վեդիում:

Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր, զոհվեց Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն:

Հակառակորդի առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ էին մղել,ապա շարքից հանել էին հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում փոքրաթիվ վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:

Շարքային Անդրանիկ Զոհրաբյանը թշնամուն հետ մղելիս վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանը իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը՝ պատնեշի վրայով: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, մի կերպ վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ ետ է քաշվել մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, զեկուցել իրավիճակի մասին, շարունակել են կրակել մինչեւ իրենց մոտ եղած վերջին փամփուշտը: Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել:

Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …