Breaking News

Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում ակտիվանալու են

Հայաստանի ու Արցախի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում ակտիվանալու են։ Դրանք լինելու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացների, Հայաստանի տարածքում ռուսական նոր խաղաղապահների տեղակայման, կոմունիկացիաների բացման, Մեղրիի միջանցքի կառուցման և, ի վերջո, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման տեսքով։

Այսինքն՝ առաջիկայում Հայաստանի օրակարգն առավելապես հագեցած է լինելու արտաքին քաղաքական գործընթացներով, որոնք պարունակելու են որոշակի հնարավորություններ, բայց ավելի մեծ չափով՝ ռիսկեր։ Այդ գործընթացներում աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բոլոր խաղացողներն առավելագույն չափով փորձելու են բավարարել իրենց շահերը։

Չափազանց մեծ է վտանգը, որ այդ բոլոր շահերն իրացվելու ու բավարարվելու են առաջին հերթին ու առավելապես հայկական շահի հաշվին։ Խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանը պատերազմում պարտված կողմ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դրանից բացի, կա մեկ այլ խորքային խնդիր՝ որքանո՞վ է Հայաստանի գործող իշխանությունն ունակ պաշտպանելու հայկական շահը։

Այս հարցադրումն իր հերթին ունի երկու մեծ ենթաշերտ։ Առաջինը պայմանականորեն կարելի է անվանել կոմպետենտության ու պրոֆեսիոնալության դեֆիցիտ․ անցած երեք տարիներին Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ արտաքին քաղաքականություն վարելու իր կարողությունը չի գերազանցում մանր խորամանկությանը, ինչն արդյունքում հանգեցնում է այն իրավիճակին, որում այսօր հայտնվել է Հայաստանը։

Դրան պետք է գումարել նաև զուտ կադրային խնդիրը․ շուրջ երկու ամիս է՝ Հայաստանը փաստացի արտգործնախարարություն չունի, գրեթե բոլոր քիչ թե շատ կարողունակ դիվանագետները հեռացել են համակարգից, իսկ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնների հավակնորդների շրջանառվող անունները վկայում են, որ հայկական դիվանագիտությանն է՛լ ավելի մռայլ օրեր են սպասվում։

Այս բոլոր խնդիրներին զուգահեռ, իսկ գուցե դրանից առաջ, կա ավելի խորքային մի պրոբլեմ՝ առաջնահերթությունների խնդիր։ Անցած երեք տարիներին ու հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ իր համար առաջնայինը ոչ թե պետական, այլ սեփական իշխանության պահպանման շահն է։ Իսկ դա նշանակում է, որ սպասվող բոլոր խոշոր գործընթացներում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվելու է ոչ թե հայկական շահի պահպանման մղումներով, այլ նրանով, թե որանով է այս կամ այն քայլը նպաստելու իր իշխանության պահպանմանն ու ամրապնդմանը։

Դա էլ իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի համար որևէ խնդիր չի ներկայացնելու՝ զոհաբերել պետական շահը սեփական իշխանության պահպանման շահին։ Հայաստանում նման որակի իշխանության գոյությունը ձեռնտու է տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող բոլոր խաղացողներին, որոնք մեծ առևտրում Հայաստանում իշխանության ձևավորման վրա ազդեցություն ունեցող սուբյեկտների միջոցով Նիկոլ Փաշինյանին կվճարեն իրենց հետաքրքրությունների բավարարման համար պահանջվող գինը՝ իշխանությունը։

Դա, իհարկե, կներկայացվի՝ որպես «ժողովրդի իշխանություն», որը որևէ աղերս չի ունենա ժողովրդի հետ։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով