Breaking News

Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ համատեղ հայտարարություն

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում, սույն թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի և իրավապահների միջև: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:

Եկեղեցում, 2015 թվականից Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը կատարում է վերանորոգչական աշխատանքներ: Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում հայտվեցին մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ՝ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկություն առաջացրեց: Տաճարի հիմնադրման մասին տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացություն առաջացրեց ազգաբնակչության շրջանում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի և այն համարվում է վրացական:

Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարյուրամյակների ընթացքում տաճարի բակում հուղարկավորվել են վրացիներ, հայեր և այլ ազգի ու հավատքի անձինք, մեր պարտքն է հարգել բոլորի հիշատակը: Վրաստանի Պատրիարքարանում կայացավ հանդիպում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչերի միջև:

Հանդիպման մասնակիցները հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ ծագած հարցերը քննարկել և որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, քանի որ խնդիրը իրավական ու կրոնական հարթությունից բացի ունի նաև բարոյական մեծ նշանակություն, և ընդունվող որոշումները կլինեն իրավիճակի խաղաղ կարգավորման բարի օրինակ:

Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է և սադրանքը՝ անթույլատրելի: Հորդորում ենք բոլորին՝ պահպանել հազարամյակների ընթացքում ձևավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերել հեռատեսություն և առաջացած հարցերը լուծել օրինականության և քրիստոնեական սիրո ճանապարհով:

Կրոնի հարցերով պետական գործակալություն

Վրաստանի Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ

Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարություն

Վրաստանի Հաշտության և Քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմ

Check Also

ՌԴ-ն ակտիվորեն աջակցում է Երևանին և Անկարային՝ կարգավորելու հարաբերությունները. Զախարովա

Ռուսաստանը հնարավորինս աջակցում է Հայաստանին և Թուրքիային կարգավորելու հարաբերությունները, ինչպես նաև պատրաստ է միջնորդ լինել …