Breaking News

Զույգը նորածնին չի առևանգել, ցանկացել է նրան որդեգրել. ի՞նչ նպատակով է ոստիկանությունը ընթացք տվել երկրորդ դիմումին, այլ ոչ առաջինին. «Փաստինֆո»

Օրեր առաջ մամուլին հայտնի դարձավ երեխայի առք ու վաճառքի մի դեպքի մասին։ Ոստիկանությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել Իննա Ղ.-ից: Նա հայտնել է, որ վեց ամիս առաջ մի կին հրաժարվել է իր երեխայից, տվել իրեն և պահանջել 20 հազար դրամ՝ երեխայի փաստաթղթերի հետ կապված խնդիրները լուծելու, ծննդյան վկայական տալու համար, սակայն հիմա եկել և 55 հազար դրամ է պահանջում նույն հարցի համար:

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նաև քրեական գործ է հարուցվել՝ նորածին երեխայի առեւանգման դեպքի առթիվ՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 4-րդ կետով, և գործն ուղարկվել էր Քննչական կոմիտե: Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը նույն դեպքի մասին է։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում, և ինչպես կարող էր ամիսներ առաջ երեխայի առևանգում կատարվեր և փոքրիկի մայրը այդ մասին հայտներ իրավապահներին միայն 5 ամսի անց:

Այսպիսով՝ «Փաստինֆո-ին հայտնի է դարձել, որ հանելուկային դեպքի մասին ոստիկանություն առաջինը հաղորդում են ներկայացրել նորածնի խնամքն ստանձնած ամուսինները։ Վերջիններս չեն ունեցել երեխա եւ ցանկացել են որդեգրել։ Ապա տեղեկացել են նորածնի մոր մասին, ով ասել է, որ ցանկանում է երեխային հանձնել մանկատուն, քանի որ չի կարողանում հոգալ նրա խնամքը, և ամուսինները, ովքեր ևս եղել են մանկատան սաներ, առաջարկել են որդեգրել փոքրիկին և խնդրել նրան հանձնել իրենց։ Մայրը 6 օրական երեխային հանձնել է զույգի խնամակալությանը։

Որոշ ժամանակ անց, երբ փոքրիկի նոր ծնողները կեսաբանական մորը դիմել են ծննդյան վկայականի հարցով, վերջինս ասել է, որ գումար չունի այդ ծախսերի համար և նրան տրվել է 22 հազար դրամ։ Սակայն կինը չի կատարել անհրաժեշտ ձևակերպումները և կրկին գումար է պահանջել՝ այս անգամ արդեն 55 հազար դրամ, ինչի մասին էլ երեխային որդեգրել ցանկացող ամուսինները հայտնել են ոստիկանությանը։ Ընդ որում, մեր տեղեկություններով, ամուսինները մտադրված են եղել օրինական կարգով ձևակերպել որդեգրումը և այդ նպատակով դիմել են իրավասու մարմիններին։

Իմանալով ոստիկանություն ներկայացրած հաղորդման մասին՝ երեխայի կենսաբանական մայրն էլ իր հերթին է դիմել իրավապահներին, թե 5 ամիս առաջ առևանգել են իր նորածին դստերը։

Ոստիկանությունն էլ առաջնային հաղորդմանը իրավական գնահատական չի տվել, այլ կենսաբանական մոր հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել և ուղարկել քննչական՝ Երեւան։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո քննչական բաժինն այն ուղարկել է դատախազություն՝ արձանագրված խախտումները քննարկելու եւ քննչական ենթակայության հարցը որոշելու համար։

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …