Breaking News

1000 դրամների վճիռը` հոկտեմբերի 27-ին

Այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 13-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը:
Դատարանը քննեց և մերժեց նախորդ դատական նիստի ընթացքում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի ներկայացրած միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Դատարանը մերժումը հիմնավորեց նրանով, որ հայցվորները Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից զրկված չեն:
Նշենք, որ ավելի վաղ Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն վերջինս հրաժարվել էր դիմել Սահմանադրական դատարան: Միջնորդությունը քննարկելուց հետո դատարանն անցավ դատաքննության, հետազոտեց գործում առկա փաստաթղթերը և որոշման հրապարակման օր նշանակեց 2017 թ. հոկտեմբերի 27-ը՝ ժամը 17:05-ը:

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …