Breaking News

Մարտիրոս Սարյանի կազմած ծիածանագույն դրոշի պատմությունը, որը չդարձավ Առաջին Հանրապետության խորհրդանիշը

1918 թվականին, երբ հիմնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, պետական օրակարգում հայտնվեց դրոշ, զինանշան և օրհներգ ունենալու հարցը։ Դեռ Սարդարապատի ճակատամարտում հայ զինվորներն ու մարտիկները կռվում էին, քանի որ իրենց աչքի առաջ արդեն իսկ ունեին կազմավորվող պետության պատկերը։ Կամավորական ինչ-ինչ խմբեր ու ջոկատներ իրենց հետ կրում էին եռագույն դրոշի տարբերակներ ռազմի դաշտում։ Եթե խորքային դիտենք, ապա մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում ազգային խորհրդանիշի՝ դրոշի առկայությունն իր հետ ունեցել է մեր ներկայիս դրոշի գույներից առնվազն 1-2-ը։

Մինչև Արտաշեսյան արքայատոհմը, մեր իրականության մեջ ունեցել ենք մարտական դրոշակներ, սակայն որպես այդպիսին՝ դրոշակի առաջնային տարբերակ մենք տեսնում ենք Արտաշեսյան արքայատոհմի ժամանակ։ Այդ ժամանակ արքայատոհմը կրում էր կարմիր կտորից դրոշ, որի վրա պատկերված էին զույգ արծիվներ, և արեգակի տեսք ունեցող ծաղիկ։ Հետագայում մեր ազգային դրոշի գույները մենք տեսնում ենք տարբեր ժամանակներում․ Կիլիկյան շրջանում, Իսրայել Օրու և անգամ Մխիթարյան միաբանության հայրերի կողմից ստեղծված դրոշներում։ Հատկանշական է, որ հայ իրականության մեջ եռագույնի գաղափարը բերողներից էր համարվում հենց Մխիթարյան հայրերից Ղևոնդ Ալիշանը։ 1885 թվականի մայիսի 22-ին մահանում է Վիկտոր Հյուգոն։ Փարիզի հայ ուսանողական միությունը Վիկտոր Հյուգոյի թաղմանը մասնակցելու համար ցանկանում էր ունենալ ազգային դրոշ։ Այդ հարցում ուսանողներին օգնում է Ղևոնդ Ալիշանը։ Ալիշանի կազմած դրոշը հորիզոնական եռագույն էր՝ կարմիր, կանաչ, կապույտ գույներով։ Տեսակետներ կան, որ եռագույնի գաղափարը հայ իրականության մեջ առաջինը տվել է հենց Ղևոնդ Ալիշանը։ Ալիշանի մի շարք բանաստեղծություններում մենք տեսնում ենք իր իսկ կազմած դրոշի 3 գույները․

«Ո՜վ եռափայլ խորհուրդ կարմիր, կանաչ, կապոյտ Հայոց
Դրօշք հայրենի, յէէն առեալ դու զծալ զծոցոյդ պարզուած
Մինչ ի ծովէն յաւիտենից ժամանակ նոր դեռ բանայր ծոց․․․․»։

Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո՝ 1918 թվականի հուլիսին, Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդները դրոշի հարցում ունենում են համաձայնություն։ Չնայած այն փաստին, որ շատ էին անհամաձայնությունները, սակայն Երևանում կայացած նիստի ժամանակ ունենում են միասնական համաձայնություն։ Դրոշը պետք է լիներ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Կան տեսակետներ նաև, որ ինչ-որ պահի դրոշը եղել է կարմիր, կապույտ, դեղին, քանի որ Հայաստանում չէր գտնվում նարնջագույն կտոր։ Եվ այս ամենից հասկանալի է դառնում, որ դրոշը ժամանակավոր էր և վերջնականապես Սահմանադիր ժողովի կողմից չէր հաստատվել։ Այս պատմության կիզակետում հայտնվում է նկարիչ Մարտիրոս Սարյանը, ով ազգային դրոշի իր տարբերակներն է նկարում և նամակին կից ուղարկում Ալեքսանդր Խատիսյանին։ 1919 թվականին գրված նամակում Սարյանն առաջարկում էր դրոշի իր տարբերակը։

«Մեծարգո Ալեքսանդր Իվանովիչ,

Մոտ մեկ ամիս առաջ զեկուցման համար այստեղ էր եկել Հայաստանի ներկայացուցիչ, Հայոց խորհրդարանի անդամ Մարտիրոս Հարությունյանը։ Իմիջիայլոց, ես նրանից եմ իմացել մեր ազգային դրոշի մասին, որը խորհրդանշում է ծիածանը։ Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է։ Հրաշալի խորհրդանիշ է։

Սակայն Մարտիրոս Հարությունյանի խոսքերից իմացա, որ դրոշը վերջնականապես մշակված չէ, և ես՝ որպես նկարիչ, համարձակվում եմ անել մի քանի առաջարկություն։ Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը։ Ընդամենը վեց գույն, հետևյալ հերթականությամբ՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն։

Գույների նման հերթականությունը թողնում է ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը։ Եռագույն դրոշներ ընդհանրապես բավականին շատ կան։ Գոյություն ունի նաև Դոնի բանակի կապտա-դեղնա-կարմիր դրոշը։ Իմ կարծիքով, մեզ՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը՝ չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը։

Նամակին կից ուղարկում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամեն ինչ պարզ է։ Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով Ձեզ, որպես հին հասարակական գործչի և կրթված մարդու, որ գլխավորում է մեր կառավարությունը, հուսով եմ, որ Դուք անուշադրության չեք մատնի դիտողություններս և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված և սիրված Հայրենիքը։

Անկեղծորեն Ձեզ նվիրված՝ նկարիչ Մարտիրոս Սարյան։ 1919 թվական, հուլիսի 31, Դոնի Նախիջևան, 1-ին Սոֆիևսկայա, 27 (հատվածը մեջբերված է «Մարտիրոս Սարյան․ նամակներ» գրքի առաջին հատորից։ Երևան, 2002 թվական, էջ 216)։

Հետաքրքրական է, որ այդ թվականներին Սարյանի առաջարկած ծիածանագույն դրոշը գաղափարական իմաստով հրաշալի էր մտածված, և այն իրենում կրում էր այն գույները, որոնք կային մեր երկրում։ Պետք է շեշտել, որ հենց այն ժամանակ, քանի որ Աստվածաշնչային գույներն ու խորհուրդները մեր օրերում կերպարանափոխվեցին, գաղափարափոխվեցին և ստացան նոր իմաստ ու երանգ։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Առաջին Հանրապետությունն իր ծնունդով կարողացավ միավորել հայ մարդկանց՝ մտավորականներին ու քաղաքական գործիչներին։ Այն ժամանակ կար արտաքին ու ներքին թշնամի և կար միաբանություն։ Հիմա ևս նույն կարգավիճակում ենք, պարզապես այժմ միաբանությունը քանդելու համար գործի է դրվել այլ մեծ ու կրծող մեխանիզմ։ Եվ, ցավոք, դրան զոհ են գնում գրեթե բոլորը․․․։

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …